Պորտուգալիայի վարչապետ Ժոզե Սոկրատեշը հրաժարականի դիմում է ներկայացրել երկրի նախագահին, երբ մարտի 23-ին Պորտուգալիայի խորհրդարանը մերժել է բյուջետային ծախսերի կրճատման մասին կառավարության առաջարկությունները:
Կառավարության հրաժարականից հետո ավելի են մեծացել շանսերը, որ Պորտուգալիան ստիպված կլինի ֆինանսական օգնության համար դիմել Եվրամիությանը, գրում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Bloomberg-ին:
Եվրոյի փոխարժեքն արդեն սկսել է ընկնել այս հրաժարականից հետո:
«Այս ճգնաժամը տեղի է ունենում Պորտուգալիայի համար հնարավոր ամենավատ տարբերակով»,- ասել է վարչապետն իր հրաժարականի ուղերձում:
Երկրի ընդդիմադիր ուժերը, որոնք մեծամասնություն ունեն խորհրդարանում, հրաժարվել են աջակցել ծախսերը կրճատելու կառավարության ծրագրերին: Հիմա առավել հավանական է, որ Պորտուգալիայում առաջիկա 2 ամսում արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի կունենան:
Հարցումները ցույց են տալիս, որ այդ ընտրություններում հաղթանակի ավելի մեծ շանսեր ունի ընդդիմությունը:





























