Իրանի հարցով ԱՄՆ ռազմավարությունը «պարզ է եւ էլեգանտ»: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն FOX News-ին տված հարցազրույցում` պատասխանելով հարցին, թե ինչ պետք է անի Իրանը եւ ինչ կարող է ԱՄՆ-ն տալ Իրանին բանակցային սեղանի շուրջ հրավիրելու համար:

Որպես ռազմավարության առաջին քայլ Պոմպեն նշել է, որ Իրանը չպետք է «հարստացնի այաթոլլային, որը քաոս է սերմանում ողջ աշխարհով, Մերձավոր Արեւելքում խոշորագույն  ապակայունացնող գործոն է եւ ահաբեկչության աշխարհի ամենամեծ պետական հովանավորը»:

«Այսպիսով, տնտեսական ճնշման մեր արշավը ուղղված էր նրան, որպեսզի սահմանափակի նրանց՝ չարամիտ գործունեություն զարգացնելու ունակությունը, եւ մենք այդ հարցում մեծ հաջողության ենք հասել»:

«Երկրորդ մասը Իրանի ղեկավարությանը համոզելն է՝ դա Զարիֆը չէ (ԱԳ նախարար), որի հետ բոլորը հանդիպում են, երբ նա ժամանում է Նյու Յորք եւ որը գեղեցիկ կոստյումներ է կրում, դա այաթոլան է: Դա Կասեմ Սուլեյմանին է (ԻՀՊԿ հրամանատար): Դրանք այն մարդիկ են, որոնք պետք է որոշեն, որ գինը չափազանց բարձր է եւ նրանք        չեն կարող շարունակել  իրենց այսպես պահել եւ պետք է բանակցություններ սկսեն. համաձայնության գան պայմանների շուրջ, որոնք Իրանին նորմալ ազգ կդարձնեն»:

Հարցին՝ արդյոք ԱՄՆ-ն Հորմուզի նեղուցում  ուղեկցում է ամերիկյան նավերին, Պոմպեոն նշել է որ «մենք ծովում անվտանգության մեր նախաձեռնության մշակման նախնակլան փուլում ենք: Մենք կլինենք դրա մի մասը, ինչպես աշխարհի մյուս բոլոր երկրները»: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն դիմել է այդ հարցով Բրիտանիային, Ֆրանսիային, Նիդերլանդներին, Հարավային Կորեային, Ավստրալիային:

«Յուրաքանչյուր երկիր, որը շահագրգռված է, որ այդ ջրային ուղիները բաց լինեն, իսկ հում նավթը եւ մյուս արտադրանքները  կարողանան անցնել Հորմուզի նեղուցով, պետք է մասնակցի, որպեսզի պաշտպանի ոչ միայն իրենց սեփական շահերը, այլեւ ազատ եւ բաց ջրային ուղիների հիմնարար ըմռնումը»:

Մեկնաբանելով  հարցը, թե ինչպես ԱՄՆ-ն  կարձագանքի, եթե Իրանը փորձի կալանավորել  նեղուցում ամերիկյան դրոշի ներքո նավ, պետքարտուղարն ասել է, որ նախագահ Թրամփը հստակ ասել է.  երբ ամերիկացիների կյանքը  վտանգի մեջ է, ԱՄՆ-ն կպաշտպանվի: