Հայ Դատն աշխատում է Հայաստանին 40 մլն դոլարի չափով լրացուցիչ օգնություն տրամադրելու օրենքի ընդունման ուղղությամբ: Մամուլի ասուլիսին այս մասին  հայտնեց Արեւմտյան Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Նորա Հովսեփյանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանին Իրանի հետ սահմանի ամրապնդման համար 100 մլն դոլարի տրամադրման մասին տեղեկությունը ֆեյք է:

Հովսեփյանը հիշեցրեց, որ հայտնի 907-րդ փոփոխությունը ԱՄՆ-ին արգելում է Ադրբեջանին ուղղակի ռազմական օգնություն տրամադրել:

Հովսեփյանը պարզաբանեց, որ Բաքուն փող կստանա՝ այլ գումար, սակայն այլ նպատակների համար, առաջին հերթին մարդու իրավունքների հետ կապված խնդիրների լուծման համար:

2020 թվականի ծրագրերի համաձայն՝ նախատեսվում է Հայաստանին հատկացնել 45 միլիոն, իսկ Արցախին ՝ 5 միլիոն: Ներկայումս Ներկայացուցիչների պալատ է ներկայացվել նախագիծ ՝ Հայաստանին 40 միլիոն գումարի լրացուցիչ օգնություն տրամադրելու մասին:  Սակայն Հովսեփյանը նշեց, որ ԱՄՆ-ն այժմ արտաքին օգնության կրճատման քաղաքականություն է վարում: Հայաստանը անկախության հռչակման պահից ի վեր ԱՄՆ կողմից 2 միլիարդի չափով օգնություն է ստացել, Արցախը նույն ժամանակահատվածում ՝ շուրջ 45 միլիոն դոլար: