«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ամենայն հավանականությամբ, այսօր` օրվա ընթացքում կայցելի արդեն 11-րդ օրը Ազատության հրապարակում հացադուլ անող «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին:
Ինչպես ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, իրենք այցի ընթացքում փորձելու են համոզել Հովհաննիսյանին, որ նա դադարեցնի իր հացադուլը: «Իհարկե, մեր երկրում կան դեռ չլուծված խնդիրներ, բայց դրանք կարելի է լուծել այլ, ոչ այդքան արմատական մեթոդներով»,- նկատել է Զոհրաբյանը:
Իսկ ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը նշել է, թե կայցելի Րաֆֆի Հովհաննիսյանին, քանի որ դա մարդկային քայլ է: «Րաֆֆի Հովհաննիսյանը մեծ ավանդ է ներդրել մեր պետության մեջ»,- խոստովանել է Բալասանյանը: Նա նաեւ կոչ է արել «Ժառանգության» պատգամավորներին դադարեցնել բոյկոտն ու վերադառնալ օրինաստեղծ գործունեությանը:
Ի դեպ, այսօր ժամը 16-ին Րաֆֆի Հովհաննիսյանին կայցելի նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:





























