Օրերս Փարիզի գրքի սրահում կատարված միջադեպից հետո, երբ Հայոց ցեղասպանության ժխտողականության վերաբերյալ Անկարայի թեզերով գրքույկ է բաժանվել, Հայկական հարցի ֆրանսիական բյուրոն հանդես է եկել նմանօրինակ քայլերը դատապարտող հայտարարությամբ, գրում է Nouvelles dArménie-ն։

Մարտի 20-ին շնորհիվ ՀՅԴ «Նոր սերունդ» շարժման ակտիվիստների արագ արձագանքման, ովքեր հանդիպել են սրահի գլխավոր կոմիսարի հետ եւ արտահայտել են վիճելի գրքի վերաբերյալ իրենց բողոքը, այն հանվել է Թուրքիայի կրթության եւ զբոսաշրջության նախարարության սթենդից։

Քանի որ մշակութային այս միջոցառումը անցկացվում է Ֆրանսիայի մշակույթի եւ հեռահաղորդակցության նախարարության հովանու ներքո, Հայկական հարցի ֆրանսիական բյուրոն նամակ է ուղարկել մշակույթի նախարար Ֆրեդերիկ Միտերանին։ Բյուրոն հանդիպում է խնդրել նրանից, որպեսզի քննարկի հարցը եւ կանխի նման միջադեպերի հետագա կրկնությունը։