ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է գալիք տարի G7-ի հաջորդ գագաթաժողովն ընդունել իր հյուրանոցներից մեկում՝ Մայամիի Trump National Doral գոլֆ-ամառանոցում, տեղեկացնում է Reuters-ը։
«Մեծ յոթնյակի» երկրները հերթով ընդունում են գագաթաժողովը՝ հաճախ ընտրելով այնպիսի վայրեր, որոնք ընդգծում են կոնկրետ երկրի բնական գեղեցկությունը։
Թրամփի խոսքով՝ Ֆլորիդայի ամառանոցը կատարյալ ընտրություն կլիներ իր չափերի եւ Մայամիի օդանավակայանին մերձության պատճառով։ Նա ասել է, որ վերջնական որոշում դեռ ընդունված չէ։ «Մենք չունենք այնպիսի մի բան, որը կարողանար մրցակցել նրա հետ, մանավանդ հաշվի առնելով գտնվելու վայրը»։
Թրամփը մասնակցել է G7-ի երեք գագաթաժողովի Իտալիայում, Կանադայում եւ Ֆրանսիայում։ Յուրաքանչյուր դեպքում հանդիպումն անցկացվել է օդանավակայանից հեռու, որը կարող էր ընդունել նրա Airforce One ինքնաթիռը, եւ նա ստիպված է եղել ավելի փոքր չափի լրացուցիչ օդանավ կամ ուղղաթիռ նստել։
Սակայն Թրամփը գովաբանել է իրադրությունը Բիարիցում՝ Ատլանտիկա բացվող կոնֆերենս-կենտրոնով։
«Մենք կարող ենք դասեր քաղել այն բանից, ինչ նրանք այստեղ արել են, անգամ ճարտարապետական առումով, թե ինչպես են տեղադրված եւ նախագծված սենյակները»,- ասել է նա։
Ընդ որում՝ նա հստակ հասկանալ է տվել, որ չի հրավիրելու անսպասելի հյուրերի, ինչպես արեց դա Ֆրանսիան՝ հրավիրելով Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին։
«Ոչ մի անակնկալ չի լինելու»,- ասել է Թրամփը։





























