Միացյալ Նահանգները մոտ է փոխզիջման ձեռքբերմանը ֆրանսիական թվային հարկի հարցում։ Այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից հետո։
Այնինչ, Մերկելն ասել է, որ ՏՀԶԿ (Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության) երկրները ցանկանում են թվային հարկման խնդիրը լուծել մինչեւ 2020 թվականը, տեղեկացնում է CNBC-ը։
Հուլիսին Ֆրանսիան մտցրեց 3 տոկոսանոց հարկ տարեկան ավելի քան 750 մլն եվրո եկամուտ ունեցող տեխնոլոգիական ընկերությունների համար։
Այս առնչությամբ Վաշինգտոնի եւ Փարիզի հարաբերություններում լարվածություն առաջացավ։ Թրամփն ասաց, որ այդ հարկն ուղղված է «ամերիկյան մեծ ընկերությունների դեմ» եւ սպառնաց ի պատասխան տուրքեր մտցնել ֆրանսիական ապրանքների վրա։
«Եթե նրանք դա անեն, մենք այնպիսի հարկեր կդնենք նրանց գինիների վրա, ինչպիսին երբեք մինչ այդ չեն տեսել»,- ասել է նա լրագրողներին Բիարից մեկնելուց առաջ, տեղեկացնում է Reuters-ը։
Թեեւ Ֆրանսիան առաջ է ընթացել թվային ընկերությունների իր սեփական ներքին հարկի հարցում, անցած տարի ջանքերը ԵՄ շրջանակում անհաջողության մատնվեցին։ Այնուամենայնիվ, Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը շաբաթ օրը յոթնյակի գագաթաժողովում ասաց, որ Եվրոպական խորհուրդը «կպատասխանի նույն կերպ», եթե Ֆրանսիան դառնա թիրախ ԱՄՆ-ի համար՝ ի պատասխան թվային հարկի։





























