Ամպրոպով տեղատարափ անձրեւը, որ երկուշաբթի տեղացել է Մադրիդում եւ քաղաքի արվարձաններում, կաթվածահար է արել ճանապարհները, խափանել մետրոյի աշխատանքը եւ օդանավակայանում չվերթների հետաձգումների պատճառ դարձել, հայտնում է Pais պարբերականը:

Պարբերականի տեղեկություններով՝ առավել տուժել է Արգանդա դել Ռեյ քաղաքը, որտեղ տեղատարափ անձրեւի պատճառով ջրածածկ են եղել երեք գլխավոր պողոտաները:

Մադրիդի մետրոյի ծառայությունը երեկոյան հայտնել է գնացքների երթեւեկության խափանումների եւ մի քանի գծերում ուշացումների մասին, սակայն առավոտյան գնացքների երթեւեկությունը վերականգնվել է գրեթե բոլոր ուղղություններում:

Ընդ որում՝ օպերատորը հայտնել է հատուկ վերգետնյա տրանսպորտի գործարկման մասին, որն ընթանալու է նույն երթուղով, նշված է մետրոպոլիտենի Twitter-յան էջում:

Խափանումներ եւ ուշացումներ են գրանցվել նաեւ Մադրիդ-Բարախաս միջազգային օդանավակայանում:

Պարբերականի տեղեկություններով՝ արտակարգ իրավիճակների ծառայությունները պատասխանել են ավելի քան 1000 կանչի: Զոհերի կամ տուժածների մասին տեղեկություններ չկան: