Իշխանությունների ռազմավարությունը կարող է Հայաստանի համար կործանարար հետեւանքներ ունենալ: Օգոստոսի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց հոգեբան Միհրդատ Մադաթյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանը վերածվել է «Հայկական ժամանակ» մեկ մեծ թերթի, բայց հանրությանն անհնար է «կերակրել» միայն ստով, իսկ ՀՆԱ եւ տնտեսության մյուս ցուցանիշների աճի մասին հայտարարությունները բնակչության համար պետք է տեսանելի լինեն նրանց սառնարանում: «Մենք տեսնում ենք, որ չնայած Ստամբուլյան կոնվենցիայի եւ Ամուլսարի հանքավայրի շահագործման հրատապ խնդիրներին, երկիրը վերածվում է թերթի, որի խմբագիրը հմտորեն վերնագրեր է ընտրում: Սակայն նա չի կարողացել հասնել նրան, որ թերթն, այնուամենայնիվ, ֆինանսապես ինքնաբավ լինի: Այդ թերթի խմբագիրը ժամանակ առ ժամանակ հակասական տեղեկատվություն է տալիս: Մենք զբաղված ենք միայն խոսելով, իսկ լուրջ աշխատանք չկա»,- նշեց նա՝ նկատելով, որ երբ Փաշինյանի թերթը ժամանակին ֆինանսավորում էր ստանում, դա, չգիտես ինչու, կոռուպցիա չէր համարվում:

Փորձագետը նշեց, որ անհասկանալի պատճառներով Ամուլսարի փորձաքննությամբ զբաղված է ոչ թե համապատասխան նախարարությունը, այլ Քննչական կոմիտեն: «Ինչ վերաբերում է Փաշինյանի 1,5-ժամանոց ելույթին, ապա դրանից մենք հասկացանք, որ հանքը շահագործվելու է, սակայն ոչ մի լրացուցիչ պարզաբանում չլսեցինք: Եթե իշխանությունները որոշեն այդ հարցով հանրաքվե անցկացնել, ապա դա կլինի պատասխանատվությունից ազատվելու ձգտում»,- հավելեց փորձագետը:

Մադաթյանը դժգոհություն հայտնեց պատմությունը վերաշարադրելու եւ իրենց համապատասխան գրելու իշխանությունների որոշմամբ՝ հաշվի առնելով, որ այդ ամենը ղեկավարում է մարդ, որը բանիմաց չէ: «Նրանք որոշել են զբաղվել ոչ թե երկրում խնդիրների լուծմամբ, ոչ թե կրթության մակարդակի բարձրացմամբ, այլ իրենց հերոսացմամբ: Չեմ զարմանա, եթե նոր դասագրքերում գրվի, որ Տիգրան Մեծը Նիկոլ Փաշինյանի նախապապն է»,- ծաղրով ասաց հոգեբանը:

Փորձագետի գնահատմամբ՝ իրականացվում է ժողովրդի համար չափազանց կործանարար ծրագիր, ինչն արտահայտվում է ղարաբաղյան հարցում, մասնավորապես՝ ՀԿ-ի ֆինանսավորման որոշման մեջ, որն արդեն կոնկրետ ուղղվածություն ունի: «Անհասկանալի է նաեւ «ժողովրդի կամք» արտահայտության իմաստը: Այնպիսի հարցերում, ինչպիսին են Ստամբուլյան կոնվենցիան, Ամուլսարը, այդ կամքը հաշվի չի առնվում, ճիշտ այնպես, ինչպես հաշվի չառան Իջեւանում, երբ ժողովուրդն արտահայտեց ծառերը հատելու կամք, իսկ նրանց դա թույլ չտվեցին: Այն պատրվակով, որ իշխանությունները թափանցիկ են գործում, Փաշինյանն ուղիղ եթերում ասում է, որ ինքը ներկայացնում է ինչ-որ գաղտնի փաստաթղթից հատված: Սա ընդհանրապես անթույլատրելի է՝ հաշվի առնելով այն, որ նրան հետեւում է նաեւ հակառակորդը»,- եզրափակեց Միհրդատ Մադաթյանը: