ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակում ունի մեղադրյալի կարգավիճակ։ Քրեական գործը վերաբերվում է պետական սուբսիդավորման ծրագրով գյուղացիներին մատչելի գներով տրամադրված պարարտանյութերի գործընթացին: Այս գործով Խաչատրյանին և գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել դեռևս ամիսներ առաջ։
Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը NEWS.am–ին հայտնեց, որ ՀՔԾ ում քննվող քրեական գործի շրջանակներում Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38֊179 հոդվածի 3֊րդ մասի 1֊ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով վատնում կազմակերպելը։
Նա ասաց նաև, որ ՀՔԾ-ում քննվող քրեական գործով 800 մլն ՀՀ դրամ վերականգնվել է, քրեական գործով նախաքննութունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ այսօր հայտնի դարձավ, որ Գագիկ Խաչատրյանի կողմից առանձնապես խոշոր չափերի վատնման և պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքի կապակցությամբ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ևս քրեկան գործ է հարուցվել։ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ ՀՔԾ–ում հարուցված քրեական գործը հնարավոր է միացվի ԱԱԾ–ում հարուցված քրեական գործին և քննվի մեկ վարույթում։





























