Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի կողմից ֆրանսիացի առաջնորդի տիկնոջը՝ Բրիջիթ Մակրոնին վիրավորելուց հետո, որին պատասխանել էր Էմանուել Մակրոնը՝ ասելով, որ երկրի բնակիչները պետք է ամաչեն իրենց առաջնորդի պահվածքից, մեծ թվով բրազիլացիներ «Թվիթերում» ներողություն են խնդրել Ֆրանսիայի առաջին տիկնոջից, հայտնում է Le Parisien-ը:

Նշվում է, որ Բոլսոնարուի մեկնաբանությունից հետո, որում նա համաձայնվել էր Մակրոնի կնոջ տարիքի եւ արտաքինի քննադատությանը, համացանցում գրառումներ են հայտնվել հետեւյալ հեշթեգով #DesculpaBrigitte (ներիր, Բրիջիթ): Օգտատերերից ոմանք անգամ փորձել են Ֆրանսիայի առաջին տիկնոջից ներողություն խնդրել նրա մայրենի լեզվով: Բոլսոնարուի գործողությունները դատապարտողների շարքում է նաեւ գրող Պաոլո Կոելյոն, որը Ֆրանսիայի ժողովրդին ուղղած տեսաուղերձում «հազար ներողություն» է խնդրել եւ դատապարտել երկրի նախագահի վերաբերմունքը Ֆրանսիային: Գրողը նաեւ հայտարարել է, որ ներկայումս երկիրը սեւ ժամանակներ է ապրում, բայց այն կանցնի: Ներողություններին միացել է նաեւ բրազիլական Extra պարբերականը, որը թողարկվել է «Ներիր, Բրիջիթ» առաջնորդողով:

Առաջին տիկնոջ շրջապատի աղբյուրների խոսքով՝ նա տեղյակ է համացանցում հայտնված հաղորդագրությունների մասին եւ անչափ զգացված է: