Իշխանությունն Ամուլսարի խնդիրը տանում է հյուծման, սպառման, էլեկտրիկերեւանացման ճանապարհով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը։

«Եվ դրան, առանց հասկանալու, անուղղակիորեն իրենց մեկուսի պահվածքով նպաստում են որոշ բնապահպաններ: Վերջիններս չեն հասկանում, որ սա այլեւս զուտ քաղաքական, խորապես քաղաքական, մակրոքաղաքական խնդիր է եւ բռնում են այն խայծը, որ իշխանությունն ու նախկին ռեժիմն են նետում:

Կարեւոր չէ թե ով ինչ օրակարգ է հետապնդում Ամուլսարի չբացման կողմնակից լինելով կամ հանդես գալով: Կարեւոր չէ թե որտեղ էին նրանք առաջ, կամ քաղաքական ինչ դիվիդենտներ են ուզում շահել: Այս փուլում կարեւորը Ամուլսարի չբացվելն է: Որոշ բնապահպանների կամ պայքարող որոշ քաղաքացիների քաղաքական պուրիտանիզմով իշխանությունը կհասնի իր նպատակին, իսկ բոլորիս ջանքերը ջուրը կթափվեն:

Պրոֆեսիոնալ բնապահպաններից ոմանք պարտավոր են հասկանալ, որ իրենց ստերիլ բնապահպանականությամբ`վերջում անպայմանորեն վնասելու են այն գործին, որի համար իրենք այսօր իրենց կյանքն են դնում:

Իսկ հասարակությունը չպետք է շեղվի: Եթե աշխարհի տարբեր կետերում տարբեր ժողովուրդներ տարբեր կոնկրետ հարցերի համար կարող են ամիսներով անդադար ցույցեր անել, դա մենք նույնպես կարող ենք: Եվ հետին օրակարգերն առանձին որոշ հարցերում ամենեւին կարեւոր չեն: Երբ թշնամին հարձակվում է` մենք համախմբվում ենք առանց օրակարգ հարցնելու: Հիմա էլ սա այլ տիպի հարձակում է` այլ տիպի թշնամու հարձակման հնարավոր ավերներին համազոր հնարավոր հետեւանքներով:

Անհրաժեշտ է լրջանալ, հասունանալ եւ ականջալուր չլինել ներքին եւ դավադիր աղմուկին, որ հաճախ հայտնի եւ իբրեւ թե ընդունված անձինք են հնչեցնում:

Ամուլսարը պետք է սար մնա եւ դա է միակ ու ամենակարեւոր հարցն այս պայքարում»,–նշել է նա: