Թալիբան շարժումը տեղեկացրել է, որ մոտ է ԱՄՆ-ի հետ Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման համաձայնագրի կնքմանը՝ երկիրը միջազգային ահաբեկչության «հանգիստ հանգրվան» չդարձնելու խոստման դիմաց, տեղեկացնում է Reuters-ը։

Բանակցություններն այն մասին, թե ինչպես վերջ դնել 18-ամյա պատերազմին Աֆղանստանում, ընթանում են Կատարի մայրաքաղաք Դոհայում։ Գործընթացի իններորդ ռաունդը մեկնարկել է անցած շաբաթ։

«Մենք հույս ունենք, որ շուտով մենք լավ նորություններ կունենանք մեր մուսուլմանական, անկախության ձգտող պետության համար»,- ասել է Դոհայում Թալիբանի ներկայացուցիչ Սուհայլ Շահինը։

ԱՄՆ-ի կողմից բանակցությունների մասնակիցները անհասանելի են եղել մեկնաբանությունների համար։

Անվտանգության ծառայության՝ Քաբուլում աշխատող բարձրաստիճան աշխատակիցն ասել է, որ Թալիբանը եւ ԱՄՆ-ը որոշել են ամերիկյան ուժերը դուրս բերելու ժամանակային շրջանակը՝ մոտ 14-24 ամիս։