«Օրենքով գող» «Մասիվցի Անդիկ» անունով հայտնի Անդրանիկ Հարությունյանի սպանությանն օժանդակելու մեջ մեղադրվող 50–ամյա տղամարդը չի ընդունում առաջադրված մեղադրանքը։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց մեղադրյալի պաշտպան Վահե Մնացականյանը։ Վերջինս չցանկացավ հրապարակել իր վստահորդի անունը՝ նշելով, որ նա չի ցանկանում ներկայացնել իր տվյալները։
Վահե Մնացականյանը հայտնեց, որ իր պաշտպանյալը չի ճանաչել ոչ սպանվածին և ոչ էլ սպանության մեջ մեղադրվող ՌԴ քաղաքացուն, ավելին, հանցագործությանն օժանդակելու որևէ շարժառիթ չի ունեցել։
«Իմ պաշտպանյալը սպանվածի և սպանության համար մեղադրվողի հետ երբևէ առնչություն չի ունեցել։ Նախքաննական մարմնի ներկայացրած որևէ ապացույցով նրա առնչությունը կատարված հանցագործության մեջ չի հիմնավորվել, ինչ–որ տասներորդական հիմնավորում են բերում, անհասկանալի տրամաբանությամբ նրան փորձում կապել կատարվածի հետ, սակայն իրականում որևէ ապացույց չկա, որը կհիմնավորի կատարվածը»,–ասաց Մնացականյանը։
Փաստաբանը հայտնեց, որ իր պաշտպանյալը բնակվում է ՌԴ–ում, իսկ ձերբակալվելուց օրեր առաջ ժամանել էր Հայաստան՝ բուժման նպատակով։
Նշենք, որ մեղադրյալը հրաժարվել է ցուցմունք տալուց, միայն հայտնել է, որ մեղադրանքը չի ընդունում և որևէ առնչություն չունի առաջադրված մեղադրանքի հետ։
Պաշտպանը նաև հայտնեց, որ Վերաքննիչ դատարանում բողոքարկելու է իր պաշտպանյալին կալանավորելու որոշումը։
Հիշեցնենք, որ Անդրանիկ Հարությունյանը մահացու հրազենային վնասվածքներ է ստացել 2019 թվականի հուլիսի 2-ին՝ Նոր Նորքի 5-րդ զանգվածի շենքերից մեկի բակում: Հարությունյանի դիակի վրա առկա է 4 հրազենային վնասվածք, որոնցից մեկը՝ դեմքին։
Դեպքից մեկ ամիս անց Քննչական կոմիտեն և ոստիկանությունը հայտարարեցին, որ հանցագործությունը բացահայտվել է։
Նշենք, որ քննության արդյունքներով պարզվել է, որ Անդրանիկ Հարությունյանին կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք պատճառել է ՌԴ Գրոզնի շրջանի 32-ամյա մի բնակիչ:
Վերջինս 2019թ. հունիսի 25-ին ՌԴ-ից ժամանել է Հայաստան և 2019թ. հուլիսի 3-ին` ժամը 23:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Նոր Նորքի 5-րդ զանգվածի շենքերից մեկի բակում ապօրինի ձեռք բերված հրազենի՝ ատրճանակի գործադրմամբ, կրակոցներ արձակելով՝ սպանել է Անդրանիկ Հարությունյանին:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Հայաստանի Հանրապետությունում Հարությունյանի սպանությունը կազմակերպելու հարցում նրան օժանդակել է Երևան քաղաքի 50-ամյա բնակիչ։ Վերջինիս մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով՝ սպանության օժանդակությունը՝ շահադիտական դրդումներով: Նրա նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։





























