Այս ուսումնական տարվանից սպասելիքները շատ մեծ էին, որովհետեւ կար ռազմավարական փաստաթղթեր մշակելու ժամանակ եւ որոշակի քայլերի համար, սակայն այս պահի դրությամբ, ցավոք, չունենք ռազմավարական փաստաթղթեր։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 28-ին, լրագրողների հետ հանդիպմանը ասաց կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը։
«Որոշակի ելույթների ժամանակ հնչում են որոշակի տեսակետներ, օրինակ՝ այսօր ես տեսա, որ կրթության նախարարը 1996 թվականի Ժակ Դելորի կրթության չորս հենասյուները ներկայացրել էր՝ որպես Հայաստանի կրթության տեսլական, բայց, ցավոք սրտի, համակարգի մարդկանց համար այս պահին դեռեւս հստակ չէ, թե մենք ինչ կրթական համակարգ ենք ունենալու, որոնք են մեր առաջնահերթությունները»,–նշեց նա:
Փորձագետը շեշտում է՝ չպետք է կրկնել անցյալի սխալները՝ դրսում մշակված փաստաթղթերը մեր երկիր ներմուծելով. «Մենք պետք է ամեն ձեւով խուսափենք դրսերում մշակված փաստաթղթերը ՀՀ ներմուծելուց: Սա կրթության ոլորտում չի աշխատում։ Սա ասում են այն մարդիկ, որոնք այդ փաստաթղթերը գրում են։ Ես մտահոգություն ունեմ, որ մենք կարող ենք ունենալ այստեղից կամ այնտեղից վերցված փաստաթղթեր, ոչ թե տնական ծրագրեր։ Մեզ պետք են ծրագրեր, որոնք մշակվել են մեր կարիքներից ելնելով՝ օգտագործելով միջազգային փորձը»:
Նրա խոսքով՝ այս տարի իրականացված փոփոխությունները ոչ առանցքային են. «Օրինակ՝ որոշ դասագրքեր երկու հատորով են տպագրում, ինչի շնորհիվ երեխաների պայուսակը կարող է մի 500 գրամով թեթեւանալ, բայց ինձ համար շատ կարեւոր է կրթության հստակ օրակարգը, որտեղ հստակ կլինի մեր առաջնահերթությունները։ Սակայն այս ուս. տարին էլ մենք դիմավորում ենք առանց կրթության զարգացման պետական ծրագրի, չկա «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագիծ»:
Դասագրքերի փոփոխությունների մասին նա նշեց, որ կարելի էր 9-րդ դասարանի դասագրքից, որտեղ մեր ժամանակակից պատմությունն է ներկայացվում, հանել վերջին 20 տարիների հատվածը. «Քանի որ հիմա մշակվում են նոր չափորոշիչներ եւ ծրագրեր, կարելի էր 9-րդ դասարանի դասագրքից, որտեղ մեր ժամանակակից պատմությունն է ներկայացվում, հանել վերջին 20 տարիների հատվածը, մինչեւ կունենայինք նոր ծրագրեր ու չափորոշիչներ, դրանց հիման վրա մշակվող դասագրքերում հնարավոր կլիներ ընդգրկել, որովհետեւ հիմա բավական խառը իրավիճակ է, զարգացումները, դիրքորոշումները շատ փոփոխական են, եւ նաեւ ուսուցիչների համար էլ այդքան հեշտ չէ այդ թեմաները մեր օրերում դասավանդել, որովհետեւ շատ դեպքերում աշակերտների վրա ազդում է ընտանիքի դիրքորոշումը:
Ես լսեցի, որ դասագրքերի հեղինակային խումբը նույնիսկ արդեն 2018 թ. հեղափոխությունն է դրել դասագրքում։ Այսինքն մի կողմից ասում ենք՝ պիտի նյութը պակասեցնենք, մյուս կողմից նոր նյութ ենք դնում։ Սպասենք մի փոքր, ավելի հանդարտ, ավելի սառը գլխով փորձենք այս խնդիրը լուծել»:
Փորձագետը նաեւ որոշակի դրական զարգացումներ է նկատում. «Ունենք որոշակի դրական զարգացումներ՝ աշխատավարձերի բարձրացում, աշխատավարձի նվազագույն շեմի սահմանումը, կոռուպցիոն երեւույթները բավականաչափ նվազել են, մրցույթները ավելի մրցակցային են լինում, միջավայրը, մթնոլորտը։
Բացասականն այն է, որ այս պահը, որը շատ հարմար էր, որպեսզի ռազմավարական ուղղությամբ սկսեինք մտածել, առայժմ բաց է թողնվում, օրակարգում ես չեմ տեսնում: Ես չեմ հիշում վերջին անգամ երբ եմ կրթության հարցով ռազմավարական քննարկման մասնակցել»։




























