Այսօր ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն ընդունել է Ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանին եւ ոստիկանության ստորաբաժանումների մի շարք ծառայողների։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

Հանդիպման ընթացքում կարեւորվել է 2 կառույցների միջեւ սերտ համագործակցությունը: Քննչական կոմիտեի նախագահը շեշտել է, որ բարձր է գնահատում 2 կառույցների փոխգործակցությունը: Նա վստահեցրել է, որ Քննչական կոմիտեն ջանք չի խնայելու 2 կառույցների միջեւ համագործակցությունն էլ ավելի խորացնելու եւ փոխգործակցության նոր նշաձող սահմանելու գործում: «Հայաստանում հանցավորության դեմ պայքարի ճանապարհին մենք շարունակելու ենք համատեղ աշխատանքները: Չնայած գործառույթային որոշակի տարբերություններին, քննիչներն ու ոստիկանները համատեղ են պայքարում հանցավորության դեմ՝ արձանագրելով տեսանելի արդյունքներ»,- ասել է Հայկ Գրիգորյանը: Ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, եւս մեկ անգամ ընդգծել է երկու կառույցների սերտ գործակցության անհրաժեշտությունը:

«Հետաքննության եւ նախաքննության մարմինների համագործակցությունով մենք լուծում ենք այն մեծ խնդիրը, որը կոչվում է քրեական գործի օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննություն»,- ասել է Արման Սարգսյանը:

Հանդիպման ավարտին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հրամանով՝ ծառայողական պարտականությունները բարեխղճորեն, պատասխանատվությամբ կատարելու, մասնագիտական բարձր պատասխանատվություն ցուցաբերելու՝ քրեական գործերով հանցագործությունների բացահայտման եւ անհրաժեշտ ապացույցներ ձեռք բերելու գործում ՀՀ քննչական կոմիտեի հետ ակտիվ համագործակցության համար ոստիկանության մի շարք ծառայողներ պարգեւատրվել են «Համագործակցության համար» մեդալով, հուշանվերով եւ շնորհակալագրով: Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հրամանով՝ օրինականության ամրապնդման գործում անձնական ավանդ ներդնելու եւ ՀՀ ոստիկանության հետ սերտորեն համագործակցելու համար Քննչական կոմիտեի մի շարք ծառայողներ պարգեւատրվել են «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով, «Օրենքի պատվար» մեդալով, ոստիկանության պատվոգրով եւ «Ոստիկանությունում գերազանց ծառայության համար» մեդալով: