ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում  հարուցված  4 քրեական գործերով պարզվել են  Գեղարքունիքի  մարզպետարանի եւ  համայնքապետարանների աշխատակիցների կողմից  կատարված առերեւույթ չարաշահումների հանգամանքները. պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 37.235.348 դրամ: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ նշված աշխատակիցների կողմից 2008 – 2018թթ կատարված.առերեւույթ չարաշահումների արդյունքում պետությանը պատճառված վնասի չափը կազմում է 39.022.782 դրամ, որից քրեական գործերի նախաքննության ընթացքում վերականգնվել է 37.235.348 դրամ: 

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել 6 անձի՝ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի Գավառի սոցիալական աջակցության տարածքային գործակալության տեսուչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից խոշոր չափերով ապօրինի վարձատրություն ստանալը), Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի Գավառի սոցիալական աջակցության տարածքային գործակալության գլխավոր մասնագետին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալը), Արծվանիստ համայնքի ղեկավարին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացում), Սարուխանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացում), Սարուխանի համայնքապետարանի առաջին կարգի մասնագետին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացում) եւ Սարուխան համայնքի ղեկավարի պաշտոնակատարին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)  եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք): Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործերը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան: