Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եւ ևս յոթ անձի գործով դատական նիստը այսօր հետաձգվեց։

Բանն այն է, որ տուժող կողմի ներկայացուցիչները չէին ծանուցվել նիստի օրվա եւ ժամի մասին։

Դատարանը որոշեց ծանուցված եւ չներկայացած տուժողներին եւս մեկ անգամ ծանուցել ոստիկանության համապատասխան ստորաբաժանման միջոցով։ Այսպիսով այսօրվա դատական նիստը հետաձգվեց և  նշանակվեց սեպտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին։

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Դավիթ Համբարձումյանը 2018թ․ ապրիլի 22-ին Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի բանուկ հատվածում մի խումբ անձանց հետ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք։ Հասարակական կարգի խախտումը զուգորդվել է նույն օրը՝ ժամը 19։00-ի սահմաններում, Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին մասնակցելու նպատակով դեպի նշված հրապարակ երթ կազմակերպած մասնակիցների նկատմամբ նախապես իրենց հետ վերցված զենքի եւ որպես զենք հանդիսացող առարկաների գործադրմամբ բռնություն գործադրելով եւ գույքը ոչնչացնելով։