Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ հանդիպմանը առաջարկել է անկեղծորեն եւ բարեկամաբար քննարկել բելառուսա-ամերիկյան հարաբերությունների հարցերը, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն:

Նա ընդգծել է, որ կողմերն արդեն ունեն երկկողմ հարաբերությունների վերբեռնման որոշակի պատմություն:

«Չնայած ամբողջ աղմուկին, որը տեղի է ունենում ձեր ուղեւորության շուրջ, այստեղ դրական բան շատ կա, հատկապես Բելառուսի համար: Դրականն այն է, եւ մեզ դրա համար ոչ ոք չի կշտամբի (եւ դուք, հավանաբար, գիտեք այդ մասին), որ մենք ԱՄՆ-ի հետ մեր հարաբերությունների վատթարանալու պահից սկսած մշտապես առաջարկել ենք փակել այդ վատ էջը եւ ԱՄՆ-ի հետ մեր հարաբերությունները նոր էջից սկսել»,- ընդգծել է Լուկաշենկոն:

Նա նշել է, որ Բոլթոնի այցը Բելառուս պատմական է. «ԱՄՆ-ից այդպիսի երեւելի բարձրաստիճան անձ Բելառուսում վաղուց չէր եղել: Եվ նաեւ սրա մեջ է այս այցի պատմականությունը»:

Դրանից բացի, մինչ այս այցը Բելառուսում են եղել ԱՄՆ-ից շատ փորձագետներ ու մասնագետներ: «Ես նրանց հետ անձամբ եմ հանդիպել, մեր փոխհարաբերությունների վերաբերյալ տարբեր թեմաներով զրույցներ վարել: Եվ սա վկայում է այն մասին, որ մենք հարաբերությունների վերբեռնման որոշ պատմություն ունենք»,- նշել է Բելառուսի առաջնորդը:

Բոլթոնը Լուկաշենկոյին առաջարկել է քննարկել տարածաշրջանային անվտանգության եւ երկկողմ համագործակցության հարցերը՝ կարծիք հայտնելով, որ կողմերին կհաջողվի ընդհանուր լեզու գտնել: «Կարծում եմ՝ մի քանի անչափ կարեւոր թեմաներով զրուցելու շատ լավ հնարավորություն է՝ տարածաշրջանային անվտանգության, երկկողմ համագործակցության,- ասել է Ջոն Բոլթոնը: - Մի քանի հարցեր կան, որոնք ԱՄՆ-ին շատ են հետաքրքրում՝ մարդու իրավունքներ, զենքի չտարածում: Ես ձեզ հետ համաձայն եմ, որ մենք այդ թեմաներով պետք է ծայրահեղ անկեղծ լինենք: Կարծում եմ՝ մենք կկարողանանք ընդհանուր լեզու գտնել»:

Ջոն Բոլթոնը նաեւ նշել է Բելառուսի եւ ԱՄՆ-ի հարաբերություններում տեղի ունեցած զգալի փոփոխությունները եւ նշել այն թեմաները, որոնք կցանկանար քննարկել իր այցի ժամանակ: «Պատմությունը տեղում չի դոփում: Խորհրդային Միության փլուզումից հետո արդեն բավական ժամանակ է անցել, աշխարհաքաղաքական իրավիճակը փոխվել է: Այն փոխվում է անգամ մեր զրույցի ժամանակ: Ուստի կան տարածաշրջանային հարցեր, կան հարցեր՝ կապված երկրների հետ, որոնք աշխարհագրականորեն այստեղից հեռու են, բայց նրանք նույնպես այստեղի իրավիճակի վրա ազդում են: Դա եւս կուզենայինք ձեզ հետ քննարկել»,- ասել է Բոլթոնը: