ԱՄՆ խոշորագույն բիզնես լոբբիները Վաշինգտոնի եւ Պեկինի առաջնորդներին կոչ են արել արտահանման նոր մաքսատուրքերը չեղյալ հայտարարել, որոնք ուժի մեջ են մտնում սեպտեմբերի 1-ից, եւ վերադառնալ բանակցություններին, որպեսզի դադարեցնեն տնտեսությանը սպառնացող աճող առեւտրային պատերազմը, փոխանցում է Bloomberg-ը:
«Անորոշության այս շրջանում չափազանց կարեւոր է, որ մեր առաջնորդները տնտեսության ամրապնդման վճռական քայլեր ձեռնարկեն եւ խուսափեն այնպիսի գործողություններից, որոնք ռեցեսիայի մասին խոսակցությունները կվերածեին իրականության»,- Վաշինգտոնում հայտարարել է ԱՄՆ Առեւտրի պալատի գլխավոր տնօրեն Թոմաս Դոնոհյուն:
Դոնոհյուի կոչը հնչել է 2 երկրների՝ մեկը մյուսի արտահանման համար նոր մաքսատուրքեր սահմանելու վճռականության ֆոնին:
ԱՄՆ-ն կիրակի 15-տոկոսանոց մաքսատուրք կսահմանի Չինաստանից մոտ 110 մլրդ դոլարի հագուստի, կոշիկի եւ այլ ապրանքների ներմուծման համար, իսկ մոտ 300 մլրդ դոլարի խաղալիքների, հեռախոսների, նոթբուքերի եւ այլ ապանքների մաքսատուրքերի սահմանումը հետաձգել է մինչեւ դեկտեմբերի 15-ը:
Չինաստանը խոստացել է լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել 75 մլրդ դոլար ամերիկյան ապրանքների համար: Թրամփը հինգշաբթի հայտարարել էր, որ 2 երկրները առեւտրի հարցերը պետք է քննարկեն այն բանից հետո, երբ Չինաստանից ազդանշաններ ստացվեն, որ նա անհապաղ պատասխան միջոցներ չի ձեռնարկի ԱՄՆ վերջին քայլերի դեմ:
Fortune 500 ցուցակից ընկերությունների շրջանում ԱՄՆ Առեւտրի պալատի անցկացրած հարցումը ցույց է տվել, որ ղեկավարների «մեծ մասը մտահոգված է սակագների տնտեսական ազդեցությամբ», ասել է Դոնոհյուն: «Սա հանգեցրել է նրան, որ ընկերությունները նստած են կանխիկ փողի վրա: Սա 3 տարում ներդրումների առաջին նվազումն է»,- նշել է նա:
Չնայած գործարար հանրույթը համաձայն է Թրամփի վարչակազմի մտահոգությանը Չինաստանի առեւտրային եւ արդյունաբերական պրակտիկայի առնչությամբ, առեւտրային լարվածության թեժացումը չի մեծացնում գործարքի հավանականությունը եւ սպառնում է հանգեցնել ռեցեսիայի, ասել է Դոնոհյուն:
«Հենց այս պատճառով մենք կարծում ենք, որ 2 երկրների նախագահները պետք է չեղյալ հայտարարեն սակագները, որոնք ուժի մեջ են մտնելու այս հանգստյան օրերին, եւ դրա փոխարեն վերականգնեն բանակցությունները»:





























