Կանադայի նախկին վարչապետ Քիմ Քեմփբելը ցանկանում է, որ «Դորիան» մրրիկը «ուղիղ հարված» հասցնի Ֆլորիդայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «Մար-ա-Լագո» ակումբին:
Մրրիկների հարցերով ազգային կենտրոնն այսօր հայտնել էր, որ «Դորիանը» ուրբաթ կուժգնանա մինչեւ «հզոր մրրիկ», իսկ հանգստյան օրերին կմնա «չափազանց վտանգավոր մրրիիկ»: Երբ այն հասնի Ֆլորիդայի տարածքին,- դա տեղի կունենա արդեն կիրակի կամ երկուշաբթի,- մրրիկը կարող է ուժգնանալ մինչեւ նախավերջին՝ չորրորդ կարգ: Մրրիկի պատճառով Թրամփը չեղյալ է հայտարարել Լեհաստան այցը:
«Ես կուզեի ուղիղ հարված «Մար-ա-Լագո»-ին»,- «Թվիթերի» իր էջում նշել է Քեմփբելը:
Թրամփը հաճախ է այցելում Մար-ա-Լագո: Հաղորդվում էր, որ Մար-ա-Լագոն կարող է հայտնվել մրրիկի թիրախում:
Քեմփբելը, որը 1993 թվականին Բրայան Մալրունիի հրաժարականից հետո 5 ամսից պակաս ժամկետով զբաղեցրել է Կանադայի վարչապետի պաշտոնը, բախվել է թվիթին բացասական արձագանքների, շատերն այն անվանել են «վրդովեցուցիչ» եւ «նողկալի», փոխանցում է Fox News-ը:
Ի պատասխան քննադատությանը՝ նախկին վարչապետը հիշեցրել է Պուերտո Ռիկոյում մրրիկի եւ «Թրամփի անտարբերության» մասին: «Մենք կօգնեինք, եթե նա զբաղվեր կլիմայի փոփոխությամբ, որը մրրիկներն առավել կործանարար է դարձնում: Դրա փոխարեն նա հանում է մեթանի սահմանափակումները: Ուշքի եկեք»:





























