Սահմանադրական դատարանը քննության է ընդունել ոստիկանության ծառայողների իրավունքների երաշխավորման հարցով Մարդու իրավունքների պաշտպանը դիմումը։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից։ 

Մասնավորապես, գործող օրենսդրությամբ ոստիկանության ծառայողի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակում վերջինս միաժամանակ զրկվում է աշխատավարձի վճարման, սեփական նախաձեռնությամբ ոստիկանությունում ծառայությունից ազատվելու, ինչպես նաեւ այլ պաշտոնի նշանակվելու հնարավորություններից, բացառությամբ գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանք կատարելուց:

Արդյունքում, խախտվում են նրա մի շարք իրավունքներ, մասնավորապես՝ աշխատանքի ազատ ընտրության, մասնավոր եւ ընտանեկան կյանքը հարգելու իրավունքները, ինչպես նաեւ խտրականության արգելքի, անմեղության կանխավարկածի եւ համաչափության սահմանադրական սկզբունքները:

«Ոստիկանությունում ծառայության մասին» եւ «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքների խնդրահարույց դրույթների քննությունը տեղի կունենա 2019 թվականի դեկտեմբերին։