ԱՄՆ-ի բոյսքաութները բախվում են դատական հայցերի աճող ալիքի սպառնալիքի հետ սեռական բռնության մեղադրանքների առնչությամբ: Բազմաթիվ նահանգներում ենթադրյալ տուժածները հայցեր են ներկայացնում, որոնք ավելի վաղ չէին կարող ներկայացնել վաղեմության ժամկետի սահմանափակման պատճառով, հաղորդում է AP-ը:

Փաստաբանը, որը ներկայացնում է 150 մարդու շահերը, որոնք պնդում են, որ ենթարկվել են բռնության բոյսքաութների պատճառով, պատրաստվում է հայց ներկայացնել Նյու Ջերսիում նոր օրենքի ուժի մեջ մտնելուց հետո: Նյու Ջերսիում 25 տարվա ընթացքում տեղակայված էր բոյսքաութների գլխավոր գրասենյակը:

Հայց ներկայացնողներից է 62-ամյա Գրեգ Հանթը, որը պնդում է, որ ենթարկվել է դաժան վերաբերմունքի 1969 թվականին Պենսիլվանիայում արշավի ժամանակ:

Դատական հայցերը մատնանշում են հավանականությունը, որ բոյսքաութները՝ ԱՄՆ-ի խոշորագույն երիտասարդական կազմակերպություններից մեկը,  կարող են բախվել բազմամիլիոնանոց փոխհատուցումներ վճարելու հետ, որոնք կարող են հանգեցնել սնանկության: Այդօրինակ հայցեր կներկայացվեն մի շարք այլ ամերիկյան նահանգներում:

«Բոյսքաութները պետք է լուծեն իրենց անցյալի խնդիրները»,-ասել է փաստաբան Մայքլ Փֆաուն:

Ակնկալվող հայցերին ի պատասխան՝ Նյու Ջերսիում բոյսքաութները ներողություն են խնդրել տուժածներից եւ կոչ արել նրանց տեղեկացնել խախտումների մասին իրավապահ մարմիններին:

Նյու Ջերսիի նոր օրենքը թույլ է տալիս երեխաներին, որոնք դարձել են բռնության զոհ, հայց ներկայացնել նախքան 55 տարին լրանալը կամ յոթ տարվա ընթացքում, երբ առաջին անգամ գիտակցել են, որ բռնությունը նրանց վնաս է հասցրել: Օրինագիծը նաեւ թույլ է տալիս հայց ներկայացնել այն տուժածներին, որոնք ավելի վաղ ունեին վաղեմության ժամկետի սահմանափակում:

Դա բացել է դատավարության դռները մարդկանց համար, ինչպիսին է, օրինակ, 75-ամյա Չարլզ Ռայթը Սոլթ Լեյք Սիթիից, որն ասել է, որ ենթարկվել է սեռական բռնության «կոմիսար սքաութի» կողմից Հարավային Կարոլինայում: «Ես տարիներով գաղտնի եմ պահել դա: Ես ձեռք եմ բերել կախվածություն ոգելից խմիչքներից: Ես ցանկացել եմ հոգեւորական դառնալ: Դրա փոխարեն ես դարձել եմ ալկոհոլիկ: Ես նաեւ կախվածություն եմ ձեռքբերել թմրանյութերի տարբեր տեսակներից»,-ասել է նա: