ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում կատարված անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Շենգավիթ վարչական շրջանում գործող ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի մի շարք հանգամանքներ. եւս մեկ անձի մեղադրանք է առաջադրվել: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019թ. օգոստոսի 25-ին ՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւան քաղաքի երկու բնակիչ՝ ծնված 1976 եւ 1960թթ՝ համապատասխանաբար՝ որովայնի ձախ կողմնային պատի հրազենային վնասվածք /կլինիկական մահ/ եւ որովայնի ձախ ազդրի հրազենային վիրավորում, աջ ազդոսկրի ստորին երրորդականի հրազենային վիրավորում, աջ ազդոսկրի բազմաբեկոր կոտրվածք տեղաշարժով ախտորոշմամբ:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցված քրեական գործով կատարված նախաքննությամբ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը:
Մասնավորապես, 2019թ. օգոստոսի 25-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, մի խումբ անձինք հավաքվել են Շենգավիթ վարչական շրջանում գործող ռեստորանային համալիրում՝ մինչ այդ միմյանց արժանապատվությունը անպարկեշտ ձեւով ստորացնելու շուրջ պարզաբանումներ պահանջելու: Երեւան քաղաքի բնակիչը՝ ծնված 1994թ., նախապես տեղյակ լինելով տեղի ունենալիք պարզաբանումների մասին, իր հետ վերցնելով հրազեն հանդիսացող ատրճանակ, գնացել է նշված ռեստորանային համալիր եւ մասնակցել նշված հավաքին: Հավաքը վերածվել է վիճաբանության, այնուհետեւ՝ ծեծկռտուքի, որը շարունակվել է համալիրից դուրս՝ Ե. Թադեւոսյան փողոցի բանուկ հատվածում, որտեղ 25-ամյա երիտասարդն իր մոտ եղած ատրճանակից բազմաթիվ կրակոցներ է արձակել եւ դիմել փախուստի:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Երեւանի 25-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին:
Հիշեցնենք, որ նշված գործով եւս երկու անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, որոնցից մեկի՝ Երեւանի 43-ամյա բնակչի նկատմամբ, հայտարարվել է հետախուզում:
Նախաքննությունը շարունակվում է:





























