Թմրակարտելների պատերազմը, ըստ երեւույթին, Մեքսիկա է վերադառնում: Եվ այս անգամ այն կարող է էլ ավելի վատթար լինել, քան արյունահեղ 2006-2012 թվականներին, երբ իշխանությունները փորձում էին լուծել թմրակարտելների հարցերը, փոխանցում է AP-ն:

Այդ տարիներին բռնությունը սահմանափակված էր մի քանի քաղաքներով: Հիմա այն տարածվել է ամբողջ երկրում: Այդ ժամանակ բանդաները հաճախ սպանում էին մեծահասակներին, բայց երեխաներին ողջ էին թողնում: Հիմա իրենց ծնողների հետ երեխաների սպանությունները դարձել են չափից ավելի հաճախակի երեւույթ:

Թմրակարտելների արյունահեղ բռնությունը հարուցել է մեքսիկացիների վրդովմունքը եւ թմրապատերազմի վրա գրավել միջազգային հանրության ուշադրությունը, որի բարձրակետը նշանավորվել է 2011 թվականին 27 հազար սպանությամբ: Այսօր, չնայած Մեքսիկայում սպանությունների թիվն անցյալ տարի աճել էր գրեթե մինչեւ 35 000, արյունահեղությունը, ըստ երեւույթին, ավելի պակաս ուշադրության եւ վրդովմունքի է արժանանում:

Այս ամենը մեքսիկացիներից շատերին ստիպել է խորհրդածել, թե որ կողմում կանգնեն:

Սա այս շաբաթ ակնհայտ դարձավ Կոացակոալկոս քաղաքում, որտեղ բանդաները զբաղվում են շորթմամբ: «Խալիսիկո» կարտելի անդամները հայտնվել են Caballo Blanco գիշերային ակումբում, արգելափակել մուտքերը եւ այն հրկիզել, ինչի արդյունքում զոհվել է 28 մարդ: Տերը, հավանաբար, կա՛մ հրաժարվել է շորթողներին վճարել, կա՛մ վաճառել է ուրիշ բանդայի թմրանյութեր:

2006-2012 թվականներին թմրապատերազմի հետ կապված սպանությունների մեծ մասը տեղի է ունեցել հյուսիսային Մեքսիկայի մի շարք քաղաքներում: «Հիմա այն ավելի տարակենտրոնացված է, եւ սա նույնպես վերահսկումը դժվարացնում է»,- ասել է Մեքսիկայում անվտանգության հարցերով վերլուծաբան Ալեխանդրո Հոուփը:

Բայց, հաշվի առնելով նմանությունները՝ հրկիզումները, կույտի վերածված կամ ճանապարհներին կախված դիակները, զանգվածային սպանությունները երեկույթներին, գլխատման տեսանյութերը սոցցանցերում, զուգահեռները անցյալի եւ ներկայի միջեւ, չափից ավելի ակնհայտ են։

Եվս մեկ տագնապալի միտում է այն, որ մարդասպանները, որոնք սպանում էին մեծահասակներին, հիմա սպանում են նաեւ փոքր երեխաներին։ Սինալոայի եւ Խուարեսի կարտելները մի ժամանակ հպարտանում էին իրենց նպատակաուղղված սպանություններով՝ ընտանիքի անդամներին ձեռք չտալով։

Հիմա երեխաներին սպանում են վախեցնող հաճախությամբ։ Հունիսին տղան սպանվել էր հոր հետ Սոնորա նահանգում։ Հուլիսին 10-ամյա տղան սպանվել էր կողոպուտի ժամանակ Պուեբլա նահանգում։ Օգոստոսին գրոհայինները ներխուժել են Սյուդադ Խուարեսի տուն եւ 123 փամփուշտ կրակել, ինչի հետեւանքով զոհվել են երեք աղջիկներ 14, 13 եւ 4 տարեկան, ինչպես նաեւ նրանց հայրը, որն, ըստ երեւույթին, հենց թիրախն է եղել։

Երկու տարի առաջ Կոացակոալկոսը հայտնվել է մեքսիկական բոլոր թերթերի վերնագրերում, երբ տղամարդը, նրա կինն ու երեք փոքր երեխաները սպանվել են թմրակարտելի կողմից։