Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը շուն է ձեռք բերել՝ Դաունինգ սթրիսի նստավայրի նոր «բնակիչ» 15 ամսական ջեք-ռասսելը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Լուսանկարիչները ֆիքսել են, թե ինչպես է շունը մուտք գործում նստավայր: Ջոնսոնի գրասենյակի աշխատակիցները շանը տեղափոխել են փոխադրման կարմիր արկղով:
Կառավարության պաշտոնական ներկայացուցիչը լրագրողներին հայտնել է, որ շանը Ջոնսոնը վերցրել է Friends of Animals կազմակերպությունից: Շան անունը չի նշվում: Կազմակերպությունը հաստատել է, որ շանը փոխանցել է վարչապետին:
«Մենք գիտենք, որ Քերրի Սայմոնդսը (Ջոնսոնի ընկերուհին) կենդանիների պաշտպան է, եւ ուրախ ենք, որ շունն ապրելու է նրա եւ վարչապետ Ջոնսոնի հետ Դաունինգ սթրիթում»,- ասվում է կազմակերպության հայտարարության մեջ: Կազմակերպությունում շունը մեծացել է կատուների հետ, այդ պատճառով, ինչպես նշվում է, նա «կոնֆլիկտ չի ունենա» Դաունինգ սթրիթում բնակվող կատուների հետ, շունն արդեն «հանդիպել է» Լարրի անունով կատվի հետ, որը եւս բնակվում է Դաունինգ սթրիթում:
Ջոնսոնը հայտարարել էր շուն ձեռք բերելու մտադրության մասին վարչապետ դառնալուց հետո:





























