Ապրիլյան պատերազմի մասնակից Հայկ Սեխլիյանը մի քանի օրից կմեկնի Գերմանիա, որտեղ կանցնի համալիր հետազոտություն նյարդաբանական լավագույն կլինիկաներից մեկում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը։

«Հայկի առողջական վիճակի և բուժման վերաբերյալ ամբողջական եզրակացությունից հետո կառավարությունը անմիջապես կքննարկի Հայկի հետագա բուժման հարցը»,-հավելել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ապրիլյան պատերազմի մասնակից 33-ամյա Հայկ Սեխլիյանին շտապ բուժում է անհրաժեշտ։ Նրա առողջական վիճակը գնալով վատթարանում է, իսկ բուժումը կարող են իրականացնել միայն արտասահմանում։

«Դեռ անցած տարի, երբ բեկորը մեկ սանտիմետր հեռու էր ողնուղեղից, բժիշկները խուսափեցին միջամտություն անել եւ խորհուդ տվեցին գնալ Շվեյցարիա։ Իմ վիճակը գնալով վատանում է, եւ մեկ օր շուտ գնալն իմ օգտին է»,– պատմել է Հայկը։

Նրա խոսքվ՝ անգամ վիրավորումից հետո ինքն աշխատել է եւ տան վարձավճարն ու ընտանիքի կարիքները հոգացել։

Հայկ Սեխլիյանը NEWS.am-ի հետ զրույցում պատմել էր, որ հանդիպել է վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանի հետ, բժշկական փաստաթղթերի եւ մագնիսառեզոնանսային շերտագրության (ՄՌՇ) գերմաներեն թարգմանությունն է փոխանցել Մեսրոպ Առաքելյանին. «Տվել եմ իրենց, որ ուղարկեն Գերմանիա, այնտեղ բժիշկները նայեն, հասկանան՝ ինչ կարող են անել»։

Ապա բուժումն արտասահմանում շարունակելու՝ Ապրիլյան պատերազմի մասնակից Հայկ Սեխլիյանի դիմումը կառավարությունը մերժել էր։