Աֆղանստանը կարող է փլուզվել «անընդհատ քաղաքացիական պատերազմի» հետեւանքով, եթե նախագահ Դոնալդ Թրամփը մինչ Քաբուլի կառավարության եւ թալիբների խաղաղ կարգավորման համաձայնագրի կնքումը դուրս բերի ամերիկյան ամբողջ զորքը։ Այս մասին հայտարարել են ԱՄՆ-ի ինը նախկին դեսպաններ, տեղեկացնում է Reuters-ը։

Աֆղանստանում հինգ նախկին դեսպանները, Աֆղանստանում նախկին հատուկ դեսպանորդը եւ պետքարտուղարի նախկին տեղակալը հանդես են եկել նախազգուշացումով այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի գլխավոր բանակցող Զալմայ Խալիլզադը հայտարարեց թալիբների հետ համաձայնագրի նախագծի մասին, ըստ որի առաջին փուլում նախատեսվում է 5000 ամերիկյան զինվորականների դուրսբերումը։

Խալիլզադը հրաժարվել է հայտնել, թե դեռ ինչքան ժամանակ Աֆղանստանում կմնան մնացած զինծառայողները։ Սակայն ԱՄՆ պաշտոնատար անձինք բազմիցս հայտարարել են, որ դուրսբերումը կլինի «պայմանների հիման վրա»։ Խալիլզադն ասել էր, որ Թրամփը պետք է հավանություն տա համաձայնագրին մինչ դրա կնքվելը։

Ամերիկյան ռազմական ներկայությունը «քննադատական ազդեցություն կունենա հաջողված խաղաղ բանակցությունների հնարավորության վրա»՝ գրել են նախկին դիվանագետները։

«Պարզ չէ՝ հնարավո՞ր է արդյոք խաղաղությունը։ Թալիբները պայմանների մասին հստակ հայտարարություններ չեն արել։․․․ Կա ավելի վատ արդյունք, քան ստատուս-քվոն է, այն է՝ վերադարձ անընդհատ քաղաքացիական պատերազմին, որը կլանել է Աֆղանստանը նույնքան ուժեղ, որքան ռուսների հետ պատերազմը»,- ասվում է նրանց հայտարարության մեջ։

Նախկին դիվանագետների խոսքերով, նոր պատերազմը «կարող է աղետալի լինել ԱՄՆ ազգային անվտանգության համար», քանի որ հավանական է թալիբները կպահպանեն իրենց կապը «Ալ Քաիդա»-ի հետ եւ թույլ կտան «Իսլամական պետության» տեղական մասնաճյուղին շարունակել ընդլայնվել։