Տեխասում մահապատժի կենթարկեն մոր եւ դստեր սպանության մեջ մեղադրվող բանտարկյալին։ 64-ամյա Բիլի Քրութսինգերը պետք է մահացու ներարկում ստանա չորեքշաբթի երեկոյան, տեղեկացնում է AP-ը։

2003 թվականին նա սպանել է Փերլ Մագուրիքին եւ նրա դստերը՝ Փաթրիսիա Սիրենին, գողացել նրա մեքենան եւ վարկային քարտը։ Երեք օր հետո նա ձերբակալվել է Գալվեսթոնի բարում։

Քրութսինգերի փաստաբանը ԱՄՆ Գերագույն դատարանից խնդրել է հետաձգել մահապատիժը՝ հավաստիացնելով, որ նրա նախորդ փաստաբանը բանիմաց չի եղել մահապատժի հարցերում։ Նա պնդում էր, որ իր պաշտպանյալի հանցավոր վարքը կապված է ալկոհոլիզմի հետ՝ ընտանիքում բռնության եւ դաժան վերաբերմունքով պայմանավորված։

Սակայն դատախազ Միշել Հարթմանն ատենակալներին հայտարարել է, որ Քրութսինգերի արարքները ոչ մի ընդհանուր բան չունեն ալկոհոլի հետ, այլ «չարության» հետեւանք են։