Տվյալ օրինագծի ընդունման անհրաժեշտությունն այն է, որ պետք է քրեական օրենսդրությունում ապահովել մարդասիրության սկզբունքները: Այս մասին այսօր ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ Քրեակատարողական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:
Պատգամավորը հստակեցրեց, որ ցանկանում է ուղղիչ-աշխատանքային գաղութներում պատժի կրման կամ պահման ժամանակ բանտարկյալների շրջանում թույլատրելի մանր խախտումների թիվն ավելացնել՝ 2-ից 3: Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանի կարծիքով՝ դա թույլ կտա նվազեցնել համապատասխան հաստատությունների աշխատակիցների ծանրաբեռնվածությունը, որոնք ստիպված են բանտարկյալների նկատմամբ պատժի չարդարացված կոշտ միջոցներ ձեռնարկել: Եվ դա հետագայում նշվում է բանտարկյալի անձնական գործերում եւ կարող է ազդել ազատազրկման վայրերում նրա հետագա պահման վրա:
«Մեզ մոտ այդ հաստատություններում բալային համակարգ է գործում, եւ ինչ-որ մանր խախտման պատճառով, երբ 2 անգամից շատ է կրկնվում, բանտարկյալը կարող է զրկվել այդ բալերից, ինչը, իր հերթին, կարող է ազդել առավել մեղմ ռեժիմով ուղղիչ-աշխատանքային գաղութ նրա տեղափոխումը»,- հավելել է Գալյանը:
Նա հստակեցրեց, որ խոսքը, մասնավորապես, թեթեւ խախտումների մասին է, օրինակ՝ շարք կանգնելուց ուշանալը, ուշ արթնանալը, դժոհություն հայտնելը եւ այլն: Փոխնախարարը նշեց, որ տվյալ օրինագծին կառավարությունը ժամանակին հավանություն է տվել:
Իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավորները սկզբնապես դեմ էին տվյալ օրինագծին, սակայն հստակեցումներից եւ գործադիրի կողմից «դաբրո» ստանալու մասին հայտարարություններից հետո կտրուկ փոխեցին իրենց դիրքորոշումը:
«Եթե խոսքը նման խախտումների մասին է, ապա առաջարկում եմ շեմը բարձրացնել մինչեւ 10-ը»,- անսպասելի հայտարարեց հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը:
Արդյունքում օրինագիծը դրական եզրակացություն ստացավ:




























