ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ կատարելու, ինչպես նաեւ կաշառք ստանալու առերեւույթ հանցագործության դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է Ս. Գ.-ն, ով կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ  կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման մեջ, որ, մտերիմ հարաբերությունների մեջ գտնվելով ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետի հետ, պատրաստակամություն է հայտնել օժանդակել վերջինիս` նույն հիմնարկում պատիժ կրող, դատապարտյալների եւ կալանավորված անձանց շրջանում հեղինակություն վայելող դատապարտյալի օգտին ապօրինի գործողություններ կատարելու, իսկ առանձին դեպքերում՝ անգործություն դրսեւորելու համար նրանից կաշառք ստանալու հարցում:

Կաշառք ստանալուն օժանդակելու՝ հնարավոր բացահայտման խոչնդոտները վերացնելու համար, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Ս. Գ.-ն 2019 թվականի գարնանը` Տաշիր քաղաքում գտնվող իր ատամնաբուժական կլինիկայում, Վանաձոր քաղաքի բնակչից պարբերաբար ստացել եւ վերը նշված ՔԿՀ պետին է փոխանցել դատապարտյալի կողմից որպես կաշառք տրված խոշոր չափերի գումարները:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է` առերեւույթ հանցագործության մյուս դեպքերը եւ դրանք կատարած անձանց ողջ շրջանակը բացահայտելու ուղղությամբ: