Սահմանադրական դատարանի անդամների անաչառություն անվիճարկելի է։ ՍԴ անդամները չեն կատարել որևէ գործողություն կամ հայտարարություն, որոնք վտանգում են կամ կասկածի տակ են դնում դատավորի անկախությունը և անաչառությունը տվյալ գործի շրջանակում։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց GPARTNERS իրավաբանական գրասենյակի իրավաբան Սարգիս Գրիգորյանը՝ անդրադառնալով Վահե Գրիգորյանի նամակին՝ ՍԴ անդամների անաչառության կապակցությամբ:
«Վահե Գրիգորյանի նամակը սխալ պատկերացումներ է ստեղծում այն պրակտիկայի վերաբերյալ, որը ձևավորվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում` Կոնվենցիայի 6-րդ հոդվածը կիրառելիս։ Այսպիսով, ՄԻԵԴ-ն առանձնացնում է դատավորի անաչառությունը ստուգելու երկու թեստ`սուբյեկտիվ և օբյեկտիվ: Սուբյեկտիվ թեստը նպատակ ունի պարզելու դատավորի անձնական հավակնությունը կամ շահը տվյալ գործում, օբյեկտիվ թեստով որոշվում է` արդյոք դատավորն ունի բավարար երաշխիքներ` իր անաչառության վերաբերյալ հիմնավոր կասկածներ չառաջացնելու: Հաշվի առնելով այս երկու թեստերը` նամակում նկարագրված փաստերը բավարար չեն պնդելու, որ ՍԴ անդամները անաչառ չեն և, ավելին, Ստրասբուրգի դատարանը սահմանել է, որ դատավորի` նախկինում զբաղեցրած պաշտոնները չեն կարող կասկածներ առաջացնել անկախության կամ անաչառության վերաբերյալ։
Այս մոտեցումը նաև արձանագրված է Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի (ԵԴԽԽ) մի շարք կարծիքներում, մասնավորապես` 2001 թվականի թիվ 1 կարծիքի 12-րդ կետում։ Այսպիսով` ՍԴ անդամները չեն կատարել որևէ գործողություն կամ հայտարարություն, որոնք վտանգում են կամ կասկածի տակ են դնում դատավորի անկախությունը և անաչառությունը տվյալ գործի շրջանակում»,– ասաց նա։
Սարգիս Գրիգորյանը նաև ընդհանուր իրավական գնահատական տվեց տեղի ունեցող այլ գործընթացների վերաբերյալ, որոնք նաև ուղղակիորեն առնչվում են Վահե Գրիգորյանի նամակի հետ։
«Նախ և առաջ 2019 թվական մայիսից հետո, երբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան դատավոր` Դավիթ Գրիգորյանի որոշմամբ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխվեց, Հանրապետության վարչապետը և Ազգային ժողովի՝ իշխող քաղաքական ուժի պատգամավորները կատարեցին գործողություններ և ցուցաբերեցին անհարգալից վերաբերմունք, որոնք ուղղակիորեն սպառնում էին դատարանների անկախությանը։ Ավելին, թե՛ վարչապետը և թե՛ Ազգային ժողովի՝ իշխող քաղաքական ուժի պատգամավորները կատարել են և ներկայումս, առկա է ռիսկ, որ շարունակելու են կատարել այնպիսի գործողություններ, որոնք վտանգում և վնասում են դատարանների և դատավորների անկախությունը։ Ավելին, մի շարք պետական պաշտոնյաներ իրենց գործողություններով միջամտել են դատարանների և դատավորների գործունեությանը`ցուցաբերելով նաև անհարգալից վերաբերմունք։
Այստեղ է պետք հղում կատարել միջազգային փաստաթղթերին. օրինակ`ՄԱԿ-ի 1985 թվականի Դատական իշխանության հիմնարար սկզբունքներին, որոնք պահանջում են, որ երկրները երաշխավորեն դատարանների անկախությունը, և պարտավորվեն հարգել և պահպանել դատական իշխանության անկախությունը։ Ավելին, նույն սկզբունքները արգելում են որևէ անհարկի և անհիմն միջամտություն դատարանների կողմից որոշում կայացնելու գործընթացին։
Խորհուրդ կտամ բոլորին նաև ունենալ մասնագիտական անկեղծություն և մեջբերել «Դատավորների անկախության, արդյունավետության և դերի վերաբերյալ» Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 1994 թվականի թիվ 12(94) առաջարկությունը։ Այս փաստաթուղթը պահանջում է Հայաստանից ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները ապահովելու, պաշտպանելու և խրախուսելու դատավորների անկախությունը։ Առաջարկությունը նաև սահմանում է, որ գործադիր և օրենսդիր իշխանությունները պետք է չձեռնարկեն այնպիսի գործողություններ, որոնք կարող ենք վտանգել դատավորների անկախությունը։ Վերջում ուզում եմ հղում կատարել այդ առաջարկության (I)-րդ սկզբունքի 2-րդ կետի (դ) ենթակետին, որը սահմանում է, որ որոշում կայացնելու գործընթացում, դատավորները պետք է լինեն անկախ և գործեն առանց որևէ սահմանափակումների, անհարկի ազդեցության, դրդապատճառների, ճնշումների, սպառնալիքների կամ միջամտության` ուղղակի կամ անուղղակի։
Հռետորական հարց. Արդյո՞ք Հայաստանը ունի բավարար քաղաքական կամք և ինստիտուցիոնալ կարողություններ` ապահովելու դատարանների անկախությունը և արդյո՞ք չի կիրառելու խտրական մոտեցում և ընտրովի արդարադատություն Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ»,– ասաց նա։




























