«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում ՍԴ-ում ստեղծված վիճակի վերաբերյալ քննարկում ու որոշում չի եղել, ուղղակի այդ մասին խոսակցություն է եղել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
Նա նշեց, որ երեկ կայացած ՔՊ վարչության նիստին ինքը չի մասնակցել, քանի որ վարչության անդամ չէ. «Երեկ եղել է վարչության նիստ, բայց որոշման մասին մեզ դեռ տեղյակ չեն պահել: Որոշել են, թե չեն որոշել, դա էլ ես չգիտեմ»:
Հարցին, թե ինչպե՞ս է իշխանությունը մտադիր լուծել ՍԴ-ի հետ կապված հարցը, այդ թվում Հրայր Թովմասյանին փոխարինելու հարցը, Աղազարյանն ասաց. «Ես ինքս առաջարկություն ունեմ, որ կատարենք սահմանադրական փոփոխություն եւ ՍԴ-ն որպես այդպիսին, փոխարինենք մեկ այլ մարմնով: Իմ հասկանալով, այդ խնդիրը միայն այդ ճանապարհով է հնարավոր լուծել:
Այսինքն կատարում ենք սահմանադրական փոփոխություն, որտեղ ՍԴ-ն այն ձեւով, ինչպես այսօր գոյություն ունի, վերացվում է, ստեղծում ենք նոր մարմին, որն այդ ֆունկցիաները պետք է կիրականացնի: Սա իմ առաջարկությունն է: Մենք փոքր թիմ ունենք, իմ նախաձեռնությամբ ստեղծված: Արդեն վերջացնում ենք դատական համակարգի բարեփոխման հիմնադրույթները: Եթե խմբակցությունում քննարկվի եւ ընդունվի, դրանից հետո կընդունվեն համապատասխան օրենքներ:
Հենց այդտեղ նախատեսվում է, որ ՍԴ-ի փոխարեն եւ Վճռաբեկ դատարանի փոխարեն լինի գերագույն դատարան, որը կկատարի այդ երկու կառույցների ֆունկցիաները»:
Դիտարկմանը, որ եթե ՍԴ այսօրվա կազմը լեգիտիմ չի համարում, այդ դեպքում ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանի գործով ԱԺ-ն որպես պատասխանող կողմ կարծիք տալիս ՍԴ-ին, «Իմ քայլի» պատգամավորն արձագանքեց. «Եթե երկու տարի առաջ ինձ հարց տայիք, թե Սերժ Սարգսյանին համարո՞ւմ եմ ընտրված նախագահ, ես կպատասխանեի՝ ոչ: Ես իրեն համարում էի մեր երկրի ղեկավարը, թե ոնց է ղեկավար դառնալ, դա այլ հարց է: Դուք կարող եք նաեւ հարցնել՝ բա ինչո՞ւ եք հարկեր մուծում, ինչու եք ենթարկվում որոշումներին: Որովհետեւ ես ընդունում էի իրեն որպես ղեկավար: Նույնը հիմա ՍԴ-ի պարագայում է: Ես այն լեգիտիմ չեմ համարում, բայց ինքը կա»:




























