Սպասում եմ, որ Սահմանադրական դատարանը հօգուտ Քոչարյանի որոշում կարող են կայացնել, ինչը շատ վատ է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
Նա հավելեց, որ չի կարող ասել, թե նման որոշումից հետո ինչ տեղի կունենա որպես քաղաքական ակցիա. «Ինձ համար դա անցանկալի, բայց նաեւ սպասելի որոշում է: Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ժամանակին մտածել են, որ այսպիսի օրեր կարող են գալ եւ դրա համար որոշակի մեխանիզմ են ստեղծել: Ընդ որում, ոչ միայն անձնական հավատարմության չափանիշներից ելնելով մարդիկ են ընդգրկված ՍԴ-ում»:
Աղազարյանն անդրադարձավ նաեւ «Իմ քայլը» խմբակցությունում առկա տարակարծություններին, մասնավորապես, երեկ «Իմ քայլի» պատգամավոր Նարեկ Զեյնալյանը դեմ էր հանդես եկել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին. «Իմ քայլում» տարբեր թիմեր չկան, բայց տարբեր տեսակետներ կան: Մի դեպքում իմ տեսակետը համընկնում է մի խմբի տեսակետի հետ, մյուս դեպքում՝ մեկ այլ խմբի հետ: Հետեւաբար, թիմեր, որ ինչ-որ գիծ են տանում, չկա այդպիսի բան:
Առողջապահության նախարարի հետ կապված կան որոշակի քաղաքական հարցեր, որոնք, ասենք, Նարեկ Զեյնալյանը չի կիսում եւ իր կարծիքն է հայտնում, բայց դա չի նշանակում, որ դա պայքար է Արսեն Թորոսյանի դեմ»:




























