Տվյալ օրինագծի ընդունման դեպքում յուրաքանչյուր քաղաքացի հատուկ հավելվածի միջոցով կարող է նկարահանել եւ ոստիկանությանը հայտնել այլ քաղաքացիների կողմից ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու մասին: Այս մասին այսօր ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ընթացքում հայտարարեց օրինագծի հեղինակ, «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

Նա նշեց, որ խախտման մասին հայտնած քաղաքացու ինքնությունը գաղտնի կմնա:

«Հետեւաբար, նրան ոչ ոք չի կարող «գործ տվողի» պիտակ կպցնել: Արդյունքում բազմաթիվ իրավախախտումներ կբացահայտվեն: Ոստիկանությունն արձագանքում է քաղաքացիների ահազանգներին, հետաքննություն է վարում, քրեական գործեր են հարուցվում: Եվ հաշվի առնելով մեր մտածելակերպը՝ այդ քաղաքացիները հաճախ խնդիրներ են ունենում»,- բացատրեց պատգամավորը:  

Պատգամավորը նշեց, որ իր առաջարկի էությունն այն է, որ յուրաքանչյուր ֆիզիկական անձ օնլայն կապի միջոցով կարող է ոստիկանություն տեսագրություն ուղարկել, որից հետո ոստիկանությունը ստացած նյութի հիման վրա կկարողանա վարչական վարույթ հարուցել կարգը խախտածի նկատմամբ:

Հարցը բավականին լայն քննարկում ստացավ: Արդյունքում օրինագիծը ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունն ու հատուկ հավանություն ստացավ «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի կողմից: