Հարավային Կորեայի բանակի ձեռներեց ժամկետային ծառայողն օգտվել է խառնաշփոթից, որը տիրել է զինվորների հաշվառման համակարգում, եւ հաջողեցրել «ծառայությունը շարունակել» տանը հանգստանալով։ Սկանդալային միջադեպի մասին հայտնի է դարձել հինգ ամիս անց, երբ զինվորն ավարտել էր ծառայության սահմանված ժամկետն ու պաշտոնապես ազատվել բանակից։ Ավելին, միջադեպը հայտնի է դարձել միայն «արձակուրդում գտնվողի» գործընկերոջ զեկույցի շնորհիվ, որին պատժել են նման գործողությունների համար, տեղեկացնում է RG-ն։

Կորեայի Հանրապետության Զինված ուժերում սկանդալային միջադեպի մասին տեղեկացրել է տեղի The Korea Times անգլիալեզու թերթը։ Աղաղակող իրավիճակը ստեղծվել է հարավկորեական KATUSA զորամասերում, որոնք օգնության ցուցաբերման համար հատկացվել են ԱՄՆ բանակի զորակազմին, որը տեղակայված է Կորեական թերակղզում։ Պարբերականի տվյալներով՝ ամեն ինչ տեղի է ունեցել այն ժամանակ, երբ մինչ այդ Սեուլում տեղակայված ԱՄՆ Ենսան ռազմակայանում  կրճատումներ են սկսվել՝ զորակազմի մեծ մասը տեղափոխելով Փհենթհեկի նոր ռազմակայան, որը մայրաքաղաքից հարավ 70 կմ հեռավորության վրա է գտնվում։

Զինվորների եւ սպաների 90 տոկոսը պետք է տեղափոխվեր Փհենթհեկ, իսկ տասը տոկոսը մնալու էր Սեուլում՝ ապահովելու համար ԱՄՆ զորակազմի հրամանատարական կառույցների աշխատանքը։

Կորեացի սերժանտներից մեկը, որը միշտ եղել է Ենսանի ռազմակայանում, ասել է Փհենթհեկ  մեկնող սպաներին, որ որոշել են իրեն թողնել Սեուլում։ Եվ սերժանտին  Փհենթհեկ չեն տարել։

Ըստ երեւույթին, զինծառայողը լավ ծանոթ էր զինվորների հաշվառման համակարգին եւ օգտվել էր դրա թերություններից։ Սերժանտը, հանգստացնելով իր պետերին, թե «մնում է ծառայելու Սեուլում», իրականում պարզապես գնացել է տուն, որտեղ էլ «շարունակել է ծառայությունը»։

Էլ ավելի աղաղակող էր այն, որ այդկերպ սերժանտը կարողացել էր ավարտել ծառայությունը զորքերում եւ զորացրվել էր ընդհանուր հիմունքներով, թեեւ իրականում այլեւս զորամաս չէր վերադարձել։ Ամեն բան կորեացի զինվորի համար լավ կավարտվեր, եթե չլիներ նրա գործընկերը, որը զեկուցեց իրավիճակի մասին նրա զորացրումից հետո։

Երբ զինվորականներն իմացան այս մասին, արդեն ուշ էր։ «Կարգը խախտողն արդեն ազատվել է բանակից, նա քաղաքացիական անձ է, դուրս մեր իրավադատությունից, դրա համար էլ մենք ստիպված էինք գործը հանձնել սովորական ոստիկանությանը»,- ասել են Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունում։ Փորձագետների խոսքով՝ նախկին սերժանտին «արտապլանային արձակուրդի» համար սպառնում է մեկ տարվա բանտարկություն կամ տուգանք երեք մլն վոնի (մոտ 2500 հազար դոլար) չափով։