Սահմանադրությունը նախատեսում է անձեռնմխելիության ինստիտուտ, սակայն օրենսդրությունը չի սահմանում նրա քրեադատավարական իրացումը: Ահա այս հիմքով է Սահմանադրական դատարանը օրենսդրական կարգավորումը ճանաչել հակասահմանադրական:
Այս մասին գրում է«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը։
«ՍԴ որոշումից բխում է, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը պետք է փոխվի: Նա չի կարող գտնվել կալանքի տակ։ Բայց շատ ավելի կարեւոր է հասկանալ, որ ՍԴ երեկվա որոշումը Ռ, Քոչարյանի մասին չէ։ Դա Սահմանադրականության մասին է։ Ռոբերտ Քոչարյանի անվան փոխարեն դրեք ցանկացած այլ անուն, ով օգտվում է օրենքով նախատեսված անձեռնմխելիության իրավունքից եւ խնդրին մոտեցեք նույն կերպ: Հարցը Քոչարյանը չէ: Խնդիրը անձը չէ, սիրում ես, չես սիրում, արդեն էական չէ: Այստեղ շատ ավելի կարեւոր ու բարդ խնդիր է. պետությունը գնում է Սահմանադրական ճանապարհով, թե կոնկրետ անձանց ցանկություններով։
ՍԴ ցանկացած որոշում ենթակա է պարտադիր կատարման: Եվ ցանկացած այլ զարգացում կնշանակի պետության դատաիրավական դաշտի կազմալուծում:
Եթե կուզեք` ՍԴ այս որոշումը ապագայի համար է։ Այն նոր Հայաստանի համար, որին մենք ձգտում ենք՝ իրավական, որտեղ իրավունքը գերակա է լինելու քենին ու սուբյեկտիվ նախասիրություններին։ Ես ուզում եմ ավելի բացել թեման՝ ՍԴ այս որոշումը Ն. Փաշինյանի հետագա երաշխիքների մասին է նաեւ, այնպես՝ ինչպես հաջորդ կամ հաջորդի հաջորդ երկրի ղեկավարների։ Եթե այսօր ոտնահարվեց ՍԴ այս որոշումը ու Ռ. Քոչարյանը անհապաղ ազատ չարձակվեց, ապա վաղը՝ երկրի հաջորդ ղեկավարների համար չի գործելու որեւէ երաշխիք։ Իսկ դա պետության համար ամենավատ ավանդույթը կլինի»,–նշում է նա։




























