Հացադուլ հայտարարած «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն իրեն լավ է զգում, ճնշումը նորմալ է՝ 110/80, գանգատներ չունի։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման մանրամասներ ներկայացրեց շուրջ 2 շաբաթ տեւող հացադուլի հաջորդ օրվանից Հովհաննիսյանին զննող բժիշկ Թինա Մալխասյանը:
Նրա խոսքով, միակ անհանգստացնող հանգամանքն այն է, որ «Ժառանգության» առաջնորդը սկսել է քիչ հեղուկ օգտագործել, ինչն իր հերթին կարող է մի շարք բարդությունների հանգեցնել։ «Սակայն առայժմ նրա վիճակը բավարար է։ Ես, այնուամենայնիվ, Րաֆֆի Հովհաննիսյանին հորդորել եմ դադարեցնել հացադուլը։ Լինում է, որ օրվա ընթացքում (իսկ ես նրան հետազոտում եմ 3 անգամ՝ առավոտյան, կեսօրին եւ երեկոյան) ճնշման տատանումներ են գրանցվում՝ 90/60, 120/80 եւ այլն»,- ասաց բժշկուհին:
Նշենք, որ Թինա Մալխասյանը Հովհաննիսյանի առողջական վիճակին հետեւում է մարտի 15-ից` նրա՝ հացադուլը սկսելու հաջորդ օրվանից։
Րաֆֆի Հովհաննիսյանն իր հերթին ասել է, որ անժամկետ հացադուլը շարունակելու է այնքան ժամանակ, քանի դեռ առողջական վիճակը ներում է։





























