Թերթը զրուցել է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանի հետ.

Պարոն Մարտիրոսյան, շաբաթ օրը ձեր նախաձեռնությամբ տեղի ունեցած հավաք-քննարկման օրակարգում ի՞նչ հարցեր են եղել:

Առաջացած ներքաղաքական իրավիճակը քննարկելու նպատակով, իրոք, «Ժառանգություն» կուսակցությունը հավաք է նախաձեռնել, որին մասնակցել է մոտ 25 հոգի: Սովորական քննարկում էր, որի ժամանակ ներքաղաքական հնարավոր զարգացումների, տնտեսական իրավիճակի ու սոցիալական խնդիրների, դրանք լուծելու հնարավորությունների վերաբերյալ իրենց կարծիքներն ու դիրքորոշումներն են հայտնել նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, խորհրդարանի նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը, ՀԱԿ-ին մաս կազմող մի քանի կուսակցությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, հասարակական ակտիվ գործունեություն ծավալած մտավորականներ, նաեւ քաղաքական վերլուծաբաններ ու լրագրողներ: Չեմ կարծում, թե արտառոց ինչ-որ բան է կատարվել:

Հաղորդագրության մեջ նշված է հավաք-քննարկման առարկան, սակայն նպատակի ու արդյունքների մասին ոչինչ չի ասված: Նախկին ու ներկա ՀՀՇ-ականների, ՀԱԿ-ին անդամակցող ու համակիր գործիչների մասնակցությունը հավաքին նշանակո՞ւմ է, որ դուք նրանց հետ ընդդիմադիր նոր ձեւաչափ եք ցանկանում ձեւավորել:

Այս մարդկանց մասնակցությունը մեր նախաձեռնած հավաքին ընդամենը նշանակում է, որ այդ անձինք, որպես ազատ քաղաքացիներ, մեզ հետ որոշակի հարցեր են քննարկել ու տեսակետներ են հայտնել: Ուրիշ ոչ մի բան դա չի նշանակում:

Հավաքի նպատակը բոլորովին էլ ինչ-որ քաղաքական խնդիր վերջնականապես լուծելը չի եղել, կամ նոր ընդդիմադիր ձեւաչափ կազմավորելը: Մենք պարզապես հավաքի միջոցով ցանկացել ենք մեր շնորհակալությունը հայտնել այն գործիչներին ու անձանց, ովքեր իրենց զորակցությունն են հայտնել Րաֆֆի Հովհաննիսյանին` հացադուլի կամ ազատության ծոմապահության կապակցությամբ: Միաժամանակ, այդ անձանց հետ քննարկել ենք ժողովրդին հուզող խնդիրները: Որեւէ այլ նպատակ չենք ունեցել: