Հայաստանի վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը մասնակցել է Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու-Դաբիում մարտի 29-ից մենկարկած Բարձրագույն վերահսկիչ մարմինների եվրոպական եւ արաբական կազմակերպությունների 3-րդ համագումարի աշխատանքներին:
Վերահսկիչ պալատի լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արաբական եւ եվրոպական 45 բարձրագույն վերահսկիչ մարմինները քննարկել են տնտեսական, սոցիալական բնույթի տարածաշրջանային եւ ազգային մարտահրավերների ներկա վիճակը:
Վերահսկիչ պալատների պատասխանատուները կարեւորել են վերահսկիչ պալատների աշխատանքի արդյունավետության բարձրացումը եւ նախանշել այդ ուղղությամբ իրականացվելիք քայլերը, այդ թվում` կոռուպցիայի դեմ տարվող պայքարի օպտիմալացում, կենտրոնացում եւ հստակեցում, ինչպես նաեւ վերահսկիչ պալատների գործունեության թափանցիկության եւ հաշվետվողականության ավելի ամրապնդում:
Աշխատանքային այցի շրջանակում Իշխան Զաքարյանն առանձին հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի, Իսպանիայի, Ռուսաստանի, Ղազախստանի, Վրաստանի, Թուրքիայի եւ ԱՄԷ-ի վերահսկիչ մարմինների ղեկավարների հետ, եւ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաեւ ճշտվել երկկողմ այցելությունների կոնկրետ ժամանակացույցները:
Բարձրագույն վերահսկիչ մարմինների եվրոպական եւ արաբական կազմակերպությունների 3-րդ համագումարի աշխատանքները կավարտվեն մարտի 31-ին:





























