Երեւանում այսօր` մարտի 30-ին Ճանապարհային երթեւեկության անվտանգության խնդիրներն են քննարկել Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը, ՀԲ տրանսպորտի ոլորտի գործառնությունների գծով պատասխանատու Ելենա Չեշեվան եւ ճանապարհային երթեւեկության անվտանգության խորհրդատու Դեյվիդ Սիլկոկը:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանից, հանդիպման ընթացքում հիմնականում քննարկվել են ՀՀ ճանապարհային երթեւեկության անվտանգության խորհրդի քարտուղարության հետագա կարգավիճակին եւ  գործունեության ֆինանսավորման տարբերակներին վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել նաեւ ՀԲ-ի Ինստիտուցիոնալ զարգացման հիմնադրամի (Institutional Development Fund) դրամաշնորհի շրջանակներում, ճանապարհաշինարարության ոլորտում ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության կարողությունների զարգացմանն ուղղված հնարավոր աջակցությանը:

Նրանք շեշտել են, որ Ճանապարհային երթեւեկության անվտանգության խնդիրների լուծման համար պետք է իրականացվեն ոչ միայն կարճաժամկետ, այլեւ երկարաժամկետ ծրագրեր: