Արեւմտյան լրատվամիջոցներում` Ռուսաստանի էքսպանսիոնիստական ձգտումների մասին հրապարակումները դեռեւս սառը պատերազմից մնացած մանկական վախի պտուղ է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը` մեկնաբանելով «Heartland: Eurasian review of geopolitics» պարբերականի կողմից հրապարակված «Ռուսաստանի բարեկամների եւ թշնամիների քարտեզը»:

Ըստ քաղաքագետի, պետք չէ լուրջ վերաբերվել նման կարգի կանխատեսումներին, իսկ այդպիսի հրապարակումները միտված են միջազգային հանրության ուշադրությունը շեղելու Լիբիայում տեղի ունեցող դեպքերից:

Նշենք, որ ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Heartland: Eurasian review of geopolitics պարբերականը հրապարակել է «Ռուսաստանի բարեկամներն ու թշնամիները» քարտեզը` այն «Օբամայի գիշերային սարսափ» անվանելով:

Ինչպես հայտնում է «Վոեննոե օբոզրենիե» կայքը, քարտեզում նշված են Մոսկվայի էքսպանսիոնիստական հակումները:

Պարբերականի կարծիքով, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն ու վարչապետ Վլադիմիր Պուտինը գաղտնի ծրագիր ունեն` «Նախագիծ Ռուսաստան» անունով, եւ այն հետեւողականորեն կյանքի են կոչում: Այդ նախագծի նպատակը «Ռուսական միության» ստեղծումն է, Ռուսաստանի կազմում նախկին ԽՍՀՄ հանրապետությունների ինտեգրումը:

Ըստ այդ ծրագրի` «Ռուսական միության մեջ պետք է մտնեն Ուկրաինայի մի մասը` Արեւելյան Ուկրաինան եւ Ղրիմի թերակղզին, Ղրղըզստանը, Ուզբեկստանը, Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանն ու Տաջիկստանը:

«Ռուսական միության» թշնամիներ են անվանվել Լեհաստանն ու Էստոնիան, Լատվիան եւ Լիտվան: Երկրորդ պլանի թշնամիներն են Շվեդիան, Ռումինիան եւ Վրաստանը: