Կոսովոյի նախագահ Բեջետ Պակոլին հրաժարական է տվել այն բանից հետո, երբ երկրի Սահմանադրական դատարանը փետրվարին կայացած նախագահական ընտրությունները համարել է հիմնական օրենքին չհամապատասխանող:

Պակոլիի աշխատակազմում հայտարարել են, թե նախագահը կատարում է սահմանադրական դատարանի պահանջը, սակայն նորից իր թեկնածությունը կառաջադրի, գրում է Lenta.ru-ն:

Սահմանադրական դատարանը Պակոլիի ընտրության ժամանակ երկու խախտում է արձանագրել: Այն, որ խորհրդարանում քվերակության ժամանակ ներկա չի եղել պատգամավորների ընդհանուր թվի երկու երրորդը, ինչն անհրաժեշտ է քվորումի ապահովման համար: Եւ երկրորդը, որ Պակոլին, համաձայն խորհրդարանական մեծամասնություն ունեցող Ժողովրդավարական կուսակցության հետ ձեռք բերված պայմնավորվածության, եղել է միակ թեկնածուն:

Հիշեցնենք, որ քվերակությունն անցել էր երեք փուլով, եւ միայն երրորդ փուլում էր Պակոլիին հաջողվել ընտրվել: Երրորդ փուլում նա ստացել էր  62 պատգամավորի աջակցությունը ներկա 67 –ից: Մինչդեռ խորհրդարանում պատգամավորների թիվը 120 է: