Կոտ դ` Ւվուարի ընդդիմության առաջնորդ եւ ընտրված նախագահ Ալասան Ուատարեի կողմնակիցների ջոկատներն իրենց վերահսկղության տակ են վերցրել երկրի մայրաքաղաք Յամուսուկրոն:  Այս մասին հայտարարել են գործող նախագահ Լորան Գբարգոյի ռազմական ներկայացուցիչները:

«Ուատարեի զորքերը գտնվում են քաղաքում», - ասել է ներկայացուցիչներից մեկը, փոխանցում է ԻՏԱՌ- ՏԱՍՍ-ը:

Ուատարեի կողմնակիցները փետրվարի կեսերից իշխանության համար զինված պայքար են մղում Գբարգոյի ստորաբաժանումների դեմ, քանի որ անցած տարեվերջին նախագահական ընտրություններում նրանցից յուրաքանչյուրն իրեն է համարել հաղթած նախագահ: ՄԱԿ-ը սակայն ճանաչել է Ա. Ուատարեի լեգիտիմությունը:

Նախօրեին ՄԱԿ Անվտանգության խորհուրդը բանաձեւ էր ընդունել, որով պատժամիջոցներ են սահմանվում Լորան Գբարգոյի դեմ: