Սիրիայի Լաթաքիա նավահանգստում իրավապահները կրկին կրակ են բացել ցուցարարների վրա, որոնք մարտի 30-ին երկրի նախագահ Բաշար Ասադի հեռուստատեսային ելույթից հետո դուրս են եկել փողոց:

Ինչպես հաղորդում է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը, բախումների հետեւանքով մահացել է մեկ մարդ, եւս մի քանիսը լուրջ վնասվածքներ են ստացել: Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են իշխանություններից արագացնել քաղաքալամ ռեֆորմները: Կառավարական աղբյուրները այդ տեղեկությունը չեն հաստատում, գրում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Իր հերթին, երկրի խորհրդարանում նախագահ Ասադը մեղադրել է արբանյակային հեռուստաալիքներին` Սիրիայում կրոնական պառակտում սադրելու մեջ: Նրա խոսքով, Սիրիայի դեմ դավադրությունը նպատակ ունի պարտադրել երկրի իշխանություններին հրաժարվել Մերձավոր Արեւելքում դիմադրությանն աջակցությունից:

Լաթաքիան եւ Դերաան, որտեղ նախորդ շաբաթ հուզումներ են տեղի ունեցել, միակ քաղաքներն էին, որոնք չեն մասնակցել իշխանությունների կազմակերպած «Հավատարմություն հայրենիքին» քաղաքական ակցիային, որը կայացել է մարտի 30-ին: