«Կոնվերս բանկ»-ի Նոր Նորքի բաժանմունքը, որ մարտի 29-ին ենթարկվել էր հարձակման, աշխատում է նորմալ ռեժիմով: «Աշխատանքային ռեժիմով սահմանված կարգով, առավոտյան ժամը 9.30-ից մինչեւ հետկեսօրի 17.00-ը, մասնաճյուղը սովորական ռիթմով իրականացնում է հաճախորդների սպասարկում»,- NEWS.am-ին հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից:
«Կոնվերս բանկը» տեղեկացնում է նաեւ, որ բանկի աշխատակիցների եւ հերթապահ ոստիկանի կողմից ցուցաբերված սառնասրտության եւ բարձր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ, հաջողվել է վնասազերծել զինված հարձակման միջոցով վերոնշյալ մասնաճյուղը կողոպտելու փորձը՝ չվտանգելով աշխատակիցների եւ հաճախորդների կյանքը:
Մարտի 29-ին, ժամը 12.00-ի սահմաններում, ոստիկանության կապիտանը` զինված եւ դիմակավորված ներխուժել էր Գայի պողոտայի վրա գտնվող Կոնվերս բանկի «Նոր Նորք» մասնաճյուղ եւ «Մակարով» տեսակի ատրճանակի գործադրմամբ ավազակային հարձակում կատարել բանկի աշխատակիցների նկատմամբ` հափշտակելով 37 հազար 800 ՌԴ ռուբլի, 1 միլիոն 724 հազար դրամ, 385 եվրո, 6695 դոլար: Հանցագործությունը կանխվել էր նշված բանկում ծառայություն կատարող ոստիկանության աշխատակցի մասնագիտական բարձր պատրաստվածության շնորհիվ: Պարզվել էր, որ հանցագործը ոստիկանության Նոր Նորքի բաժնին կից պահպանության բաժնի պետ Արթուր Հակոբյանն է, ում տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց եւ վիրահատության ենթարկել:





























