Հայաստանի քաղաքացուհին ինքնուրույն գտել է սխալն օրենքում եւ դեռեւս մարտի 25-ին փորձել լսելի լինել համապատասխան մարմինների կողմից՝ այն վերացնելու նպատակով, տեղեկացնում է NEWS.am-ի խորհրդարանական թղթակիցը։
Քաղաքացուհի Նաթելա Բաղդասարյանը, որը կարողացել է գտնել օրենսդրական վրիպումը, բառի ուղղակի եւ անուղղակի իմաստներով սկսել է թակել օրենսդրական սխալը վերացնելու համար պատասխանատու տարբեր պետական կառույցների դռները, բայց առ այսօր նրա հարցումն անպատասխան է մնացել։
Ի վերջո նա նամակով դիմել է Պետաիրավական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին, որը, դիտարկելով հարցը, այն մտցրել է իր գլխավորած հանձնաժողովի օրակարգ՝ քննարկման։
Նա սեպտեմբերի 24-ին կարդացել է Բաղդասարյանի դիմումը եւ տարակուսանք հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ։
Վարդանյանը պարզաբանել է, որ Քաղաքացիական օրենսգրքում տեղ է գտել տեխնիկական սխալ, որը դարձել է բավական լուրջ հետեւանքների պատճառ։ «Լիազորագիր տրամադրող» տերմինի փոխարեն նշվել է «լիազորագիր ստացող»։ Դա բավական է եղել, որպեսզի լրջորեն բարդանա հանրապետության բուժհաստատություններում գտնվող եւ բուժում ստացող թոշակառուների կյանքը։
«Անհաջող թարգմանության պատճառով սահմանափակվել են քաղաքացիների իրավունքները, ովքեր գտնվել են բուժհաստատություններում»,- նշել է Վարդանյանը՝ ավելացնելով, որ սխալը շտկելը թույլ կտա բուժհաստատություններում գտնվող տարեց քաղաքացիներին վերջապես ստանալ իրենց թոշակները։
Հանձնաժողովի ղեկավարը նշել է, որ Բաղդասարյանն իր նամակում խնդրել է այն չուղարկել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, քանի որ, նրա կարծիքով, այդ օրենսդրական փոփոխությունների իրականացումը մտնում է արդարադատության նախարարության պարտավորությունների շրջանակի մեջ։
Միեւնույն ժամանակ, Վարդանյանը նշել է, որ լիազորագրի տրամադրումը այսուհետ կիրականացվի անվճար։
Պատգամավորը շնորհակալություն է հայտնել Բաղդասարյանին մասնակցության համար, խորհրդարանի անունից նրան հանձնել է ծաղկեփունջ եւ խոսք տրամադրել ելույթի համար։ Նաթելա Բաղդասարյանը տեղեկացրել է, որ ինքը, աշխատելով պետական հատվածում, բավական հաճախ է ստիպված եղել մերժել քաղաքացիների նման հարցումները։
«Դեկտեմբերին, երբ ես այդ պաշտոնում իմ աշխատանքն արդեն ավարտել էի եւ պատրաստվում էի թոշակավորվել, Աբովյանի հակատուբերկուլյոզային դիսպանսերից 2 մարդու անվամբ հարցում ստացանք: Մինչ մերժումն էինք գրում, հիվանդներից մեկը մահացավ: Ինձ համար դա վերջին կաթիլն էր»,- հայտարարել է Բաղդասարյանը:
Արժե նշել, որ մինչ աչալուրջ քաղաքացին պատմում էր այս պատմությունը, «Իմ քայլը» իշխող դաշինքի երկու «ժողովրդի ծառաներ»՝ Սերգեյ Ատոմյանը եւ Արթուր Դավթյանն անզուսպ ծիծաղով բռնկվեցին, մինչ ինչ-որ փաստաթղթեր էին նայում: Նրանք, ամենայն հավանականությամբ, Բաղդասարյանի պատմածն անգամ չէին լսում: Պատգամավորների այսպիսի պահվածքը Բաղդասարյանին թեթեւակի շփոթեցրեց, որն, իհարկե, դա ցույց չտալով, շարունակեց պատմել:
Պատգամավորներից մեկի հարցին՝ ինչո՞ւ նա խնդրեց իր դիմումը չփոխանցել աշխատանքի նախարարության քննարկմանը, Նաթելա Բաղդասարյանը պարզաբանեց, որ պետական մարիններում աշխատելով՝ ինքն էր ստիպված այդպես վարվել եւ հրաշալի տեղեկացված է պետական մարմինների աշխատանքի մեթոդներին:
Վերջնարդյունքում՝ Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը ստացավ խորհրդարանական մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը:




























