«Չիվնինգ » կրթաթոշակային ծրագիրը դիմորդներին հնարավորություն է տալիս սովորել Միացյալ Թագավորությունում և ձեռք բերած փորձը կիրառել իրենց երկրներում: 2019-2020թթ․ « Չիվնինգ » կրթաթոշակային ծրագրին մասնակցելու համար Հայաստանից ընտրվել են ութ դիմորդներ, ովքեր մագիստրոսի կոչում ձեռք բերելու համար կսովորեն Միացյալ Թագավորության առաջատար համալսարաններում: Կրթաթոշակի համար դիմելու ձևերի և դրա օգուտների մասին իմանալու նպատակով NEWS.am-ի թղթակիցը զրուցել է Չիվնինգի Միջազգային ծրագրերի գծով պատասխանատու Նորա Մուֆիչի հետ:
Ի՞նչ է իրենից ներկայացնում «Չիվնինգ» կրթաթոշակային ծրագիրը: Ինչի՞ համար է այն նախատեսված:
«Չիվնինգը » կրթաթոշակների տրամադրման կառավարական ծրագիր է, որը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության արտաքին և համագործակցության նախարարության կողմից: Ծրագիրը, որը հասանելի է ավելի քան 160 երկրներում և տարածքներում, դիմորդին տալիս է Միացյալ Թագավորություն այցելելու և իր նախընտրած համալսարանում մագիստրոսական ծրագրով ուսում ստանալու հնարավորություն: Մենք փնտրում ենք առաջնորդի ներուժով օժտված հայ դիմորդների, ովքեր ունեն հստակ տեսլական և գիտեն, թե ինչի են ուզում հասնել ապագայում: Միացյալ Թագավորությունում ուսում ստանալուց հետո նրանք կվերադառնան Հայաստան և իրենց գիտելիքները կկիրառեն իրենց երկրում: Մեր հիմնական պահանջներն են բակալավրի աստիճանը, առնվազն երկու տարվա մասնագիտական փորձը և անգլերեն լեզվի իմացությունը: Դիմորդը պետք է ներկայացնի վկայական՝ ապացուցելու, որ նա բավարարում է անգլերեն լեզվի իմացության պահանջները:
Ո՞րն է Հայաստան այցելելու նպատակը: Սա նշանակո՞ւմ է, որ ձեզ համար կարևոր են Հայաստանի դիմորդները:
Ես այստեղ եմ՝ խթանելու «Չիվնինգ » կրթաթոշակային ծրագիրը:»Չիվնինգ» կրթաթոշակային ծրագիրը կայացած է Հայաստանում, իսկ Չիվնինգի կրթաթոշակառուներն այստեղ մեծ բարձունքների են հասնում:
Տարեկան քանի՞ դիմում եք ստանում Հայաստանից:
Ամեն տարի Հայաստանից ստանում ենք մինչև 200 դիմում: Մենք ցանկանում ենք ավելի մեծ թվով մարդկանց ուշադրությունը հրավիրել այս ծրագրի վրա: Ուզում ենք, որ ծրագրին ավելի համապատասխան անձինք դիմեն այս կրթաթոշակը ստանալու համար և օգտվեն «Չիվնինգ»-ի ընձեռած մեծ հնարավորություններից:
Որո՞նք են կրթաթոշակառուին ընտրելու հիմնական չափորոշիչները: Դուք ավելի շատ ուշադրություն եք դարձնում անձի կրթությա՞նը, թե՞ աշխատանքային փորձին:
Մենք ունենք հիմնական պահանջներ. բակալավրի աստիճան, առնվազն երկու տարվա մասնագիտական փորձ և անգլերենի իմացություն: Սակայն այս ամենից զատ մենք նաև փնտրում ենք առաջնորդի ներուժով օժտված մարդկանց, որի մասին ես արդեն նշել եմ: Մենք ուզում ենք, որ դիմորդն իր համար ունենա հետևյալ տեսլականը. «Ես ուզում եմ ինչ-որ բան փոխել: Ես ուզում եմ վերադառնալ Հայաստան, կիրառել Միացյալ Թագավորությունում ստացած գիտելիքներս և օգտվել Միացյալ Թագավարությունում ստեղծած իմ ցանցից»: Ահա թե ինչ ենք մենք փնտրում: Մենք ուզում ենք մարդկանց մեջ տեսնել առաջնորդելու ներուժ: Մենք ուզում ենք, որ դիմորդը մեզ ցույց տա, որ նա իրականացրել է այս կամ այն ծրագիրը: Մենք ուզում ենք տեսնել, որ անձը կարող է առաջնորդել խմբին կամ ավելի փոքր համայնքին: Մենք ուզում ենք, որ մարդիկ մեզ ցույց տան, թե ինչպես են տեսնում իրենց ապագան որպես մասնագետներ, որպեսզի մենք էլ հասկանանք, թե ինչպիսի զարգացում կարող են նրանք ունենալ ապագայում:
«Չիվնինգ » ծրագրով հետաքրքրված անձինք գիտեն, որ այդ ծրագրով կարող են ստանալ կրթաթոշակ, բայց շատերը չգիտեն, թե որտեղից պետք է սկսել: Կարո՞ղ եք բացատրել դիմորդի առաջին քայլը (ընտրել համալսարան, դասընթաց, թե՞ անգլերեն լեզվի իմացությունը ստուգող թեստ հանձնել):
Ես կխնդրեի այցելել «Չիվնինգի» պաշտոնական կայքը : Եթե կրթաթոշակը հենց ձեզ համար է, ապա կարող եք նստել և ուսումնասիրել, թե որ բնագավառում եք ցանկանում ուսում ստանալ: Կայքում կա դասընթացները որոնելու համակարգ, որով կարող եք տեսնել բոլոր համալսարաններն ու դասընթացները: Ես մարդկանց խորհուրդ կտայի ընտրություն կատարել՝ ելնելով ոչ թե համալսարանի ճանաչվածության հանգամանքից, այլ կրթական ծրագրից: Ճիշտ է, համալսարանը կարող է լավ ճանաչում ունենալ Հայաստանում, ինչպես, օրինակ, Քեմբրիջը կամ Օքսֆորդը, բայց դիմորդը պետք է առաջին հերթին մտածի ոչ թե համալսարանի, այլ այն կրթական ծրագրի մասին, որը լավագույնն է: Մի սահմանափակվեք համալսարանի անվամբ: Փնտրեք շատ տարբերակներ, քանի որ կան հիանալի համալսարաններ:
Մեզ համար ընդունելի են անգլերեն իմացությունը հավաստող տարբեր վկայականներ, որոնք մասին կարող եք տեղեկանալ՝ այցելելով մեր կայքէջ: Մենք ընդունում ենք «IELTS», «Cambridge» և այլ թեստերի վկայականներ: Ես մարդկանց խրախուսում եմ ստուգել նաև համալսարանի կողմից ներկայացվող պահանջները, քանի որ դրանք երբեմն կարող են լինել ավելի քիչ կամ ավելի շատ, քան «Չիվնինգ» ծրագրի պահանջներն են:
Դուք հետևո՞ւմ եք «Չիվնինգի» շրջանավարտների հաջողության պատմություններին:
«Չիվնինգի» շրջանավարտների մեջ կան Հայաստանի դեսպաններ, ինչպես նաև տարբեր նախարարությունների և հասարակական կազմակերպությունների աշխատակիցներ: Համալսարանի քարտուղարության խնդիրն է կապ պահպանել բոլոր շրջանավարտների հետ: Այն նաև կազմակերպում է համաժողովներ և այլ միջոցառումներ: «Չիվնինգն» իսկական ընտանիք է։ Այս տարի լրանում է ծրագրի 35-ամյակը: Շրջանավարտները շատ ակտիվ են, և նրանցից ոմանք Հայաստանում կազմակերպել են «Չիվնինգի մասին զրույցներ» (Chevening talks) նախաձեռնությունը: Մենք ուզում ենք բարձրացնել «Չիվնինգի» մասին իրազեկվածությունը Հայաստանի մարզերում և ուրախ ենք, որ երկու կրթաթոշակառու ունենք մարզերից, ովքեր արդեն իրենց ուսումն են ստանում Միացյալ Թագավորությունում:




























