«Ճիշտն ասած, ես մինչեւ հիմա չհասկացա, թե ինչու հենց Րաֆֆի Հովհաննիսյանն է առաջացնում ՀԱԿ-ի առավել ագրեսիվ մասի վրդովմունքն ու ցասումը։ Խանգարո՞ւմ է համաժողովրդական շարժմանը։ Ընդդիմադիր ձայնե՞ր է փախցնում։ Շեղո՞ւմ է հասարակության ուշադրությունը։
Պատրաստվում է Արթուր Բաղդասարյան կամ Գեղամյա՞ն դառնալ»,-գրում է «Առավոտ»-ն իր խմբագրականում եւ շարունակում. «Քանի որ այդ հարցերին ոչ մամուլով, ոչ էլ բլոգերով հստակ պատասխան չի տրվում, կարող եմ անել հետեւյալ ենթադրությունը։ Ըստ երեւույթին, Լեւոն Տեր-Պետրոսյանի առավել մոլեռանդ երկրպագուները յուրովի են մեկնաբանել առաջին նախագահի՝ Ազատության հրապարակում 17-ին արտասանած հետեւյալ խոսքերը. «Բայց մեր ներսում որեւէ խանգարող չի լինելու։ Եվ եթե դուք նկատեք, ձեզնից յուրաքանչյուրը պարտավոր է ծանրակշիռ խոսքով այդ մարդուն զսպել [խոսքը, հավանաբար, խանգարող մարդկանց մասին է- Ա.Ս.], ստիպել ենթարկվել մեծամասնության կարծիքին»։
Ենթադրում եմ, որ դոգմատիկ կոնգրեսականները, ընկալելով դա որպես հրահանգ, որպես հետագա 2-3 շաբաթների ուղեցույց, եզրակացրեցին, որ խանգարողը Րաֆֆին է, եւ չափից դուրս մեծ խանդավառությամբ լծվեցին «շարքերի մաքրությունն» ապահովելու գործին։ Մինչդեռ առաջին նախագահի ասածի մեջ կան խոցելի տեղեր. ա/ ինչպես է որոշվում մեծամասնությունը՝ հանրահավաքում ձեռք բարձրացնելո՞վ, եթե նույնիսկ դա այդպես է, արդյո՞ք դա ՀՀ քաղաքացիների մեծամասնությունն է, բ/ ո՞վ ասաց, որ փոքրամասնությունը խանգարում է, գուցե հակառա՞կը, օգնում է։ Բայց եթե անգամ Կոնգրեսի առաջնորդը հարյուր տոկոսով ճիշտ է, եւ եթե նրա երկրպագուները դա ընդունում են՝ որպես գործողությունների ծրագիր, ապա մինեւնույն է՝ նրանք պետք է ավելի ուշադիր լսեն իրենց ղեկավարի բառերը։ Չէ՞ որ նա ասել է՝ «ձեր ծանրակշիռ խոսքով», ոչ թե «ձեր անմակարդակ հայհոյանքներով» կամ «անձնական վիրավորանքներով»:





























