Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդը համաձայն է, որ թագավորության նավթային օբյեկտների վրա հարձակումները «պատերազմի ակտ» են: Նա այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել CBS հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդման ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ այս հարձակումները «պատերազմի ակտ» էր անվանել ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն: Թագաժառանգ արքայազնին հարցրել են՝ համաձա՞յն է նույնպիսի ձեւակերպմանը: «Իհարկե, այո»,- պատասխանել է նա:
Սեպտեմբերի 14-ի գիշերը հարձակում էր կատարվել սաուդյան ազգային նավթային ընկերություն Saudi Aramco-ի Աբկայկի եւ Հուրայսի ձեռնարկությունների վրա: Պատասխանատվությունը ստանձնել էին եմենյան «Անսար Ալլահ» շարժման խռովարար հուսիները՝ հայտարարելով, որ դիվերսիան իրագործելիս օգտագործել են պայթուցիկով լցոնված 10 անօդաչու թռչող սարքեր: Պայթյունների եւ հրդեհների հետեւանքով աշխարհում ամենախոշոր նավթ արտահանողի արդյունահանումը օրական 9,8 մլն բարելից նվազել է 5,7 մլն բարելի:
ԱՄՆ-ն, Սաուդյան Արաբիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան հարձակման պատասխանատու են համարում Իրանին: Նրանց վարկածով՝ հարձակումը կատարվել է անօդաչուների եւ հրթիռների կիրառմամբ, ինչպիսիք հուսիների սպառազինության մեջ չկան: Թեհրանում այս մեղադրանքները հիմնազուրկ են անվանել:





























